Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում տարվա հինգ տաղավար տոներից առաջինի՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոնին ընդառաջ ՀՀ վարչապետը տասը եպիսկոպոսների հետ ընդունել է ստորագրել է հայտարարություն, որը ներկայացվում է որպես եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ։ Դրանում ներկայացված են օրակարգը և քայլերի հաջորդականությունը՝ ինչպես պետք է փոխվի կաթողիկոսը, և ինչպես նոր հոգևոր առաջնորդ ընտրվի։
«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգում» անվանումով հայտարարությունը քննարկվել և ընդունվել է ՀՀ վարչապետի կեցավայրում։ Փաստաթուղթը մասնակիցները ստորագրել են, ինչը մանրամասնորեն երևում է վարչապետի տարածած տեսագրության մեջ։ Մայր Աթոռը և քաղաքական դաշտը անմիջապես արձագանքել են իրադարձությանը՝ սուր և բուռն քննարկումներով։
Հունվարի 6-ին Սուրբծննդյան պատարագին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվելիք պատարագին ծրագրված մասնակցությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է ուխտերթ դեպի Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։ Վարչապետը սեփական մտահղացումը բացատրում է մի քանի խորհրդով, որոնք տեղավորվում են «եկեղեցու բարենորոգում» հռչակված ծրագրում։ Խորհուրդներից ամենակարևորն, ըստ վարչապետի, հետևյալն է․
«Արտահայտել աջակցություն մեր պետականությանը, արտահայտել մեր դիրքորոշումը առ այն, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր պետության ինքնիշխանության, անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպը անընդունելի է, և մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու։ Հենց այս խորհուրդն է հատկապես էական ակցիայի երթային բնույթի տրամաբանության համար»։
Եկեղեցուն առնչվող հայտարարությամբ նախատեսած առանցքային անելիքը կաթողիկոսի փոփոխությունն է։ Այն ընդունելու համար Փաշինյանը և յոթ եպիսկոպոսներ հենց վարչապետի կեցավայրում են հավաքվել։ Երկարատև քննարկումների փաստը հաստատել է անձամբ վարչապետը։
«Հայաստանյայց առաքելական եկեղեցու փաստացի պետի հեռացում՝ հանգստի կոչում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունում։ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր»։
Հայտարարության մեջ հատուկ կերպով ընդգծվել է Հայաստանի արժեքային համակարգի զարգացման և ազգային ինքնության պահպանման կենսական գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանցքային դերն ու նշանակությունը։ Բացի այդ՝ առանձին կետերով անդրադարձ է արվել, մեջբերում, եկեղեցու կամայական կառավարման և խտրականության հետևանքով հոգևոր կյանքի բնականոն ընթացքի խաթարմանը, եկեղեցու ներսում պառակտումներին ու ազգային-հոգևոր արժեքների հետընթացին․ մեջբերման ավարտը։ Հայտարարությունը ստորագրածներն առանձին կետով ընդունել և ճանաչել են իրենց բաժին մեղավորությունը և պատասխանատվությունը եկեղեցում ստեղծված իրավիճակի համար։
Թվարկված բոլոր խնդիրները լուծելու համար վարչապետն ու տասը եպիսկոպոս, արքեպիսկոպոսները համակարգող խորհուրդ են ձևավորել և մշակել հետագա քայլերի ճանապարհային քարտեզ։
Սրան ի պատասխան՝ Մայր Աթոռը պատասխան հայտարարություն է տարածել մի քանի կետով։ Պատասխանի հիմնական ասելիքն այն է, որ եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերապահված չեն ինքնահռչակ խորհրդի։ Մայր Աթոռը հայտարարությամբ ահազանգում է, որ նման քայլերը կարող են հանգեցնել ցավալի հետևանքների․
Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները Մայր Աթոռից բնորոշել են որպես Հայաստանի Հանրապետության սահմանադրության խախտում, դատապարտել այդօրինակ գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը և քահանայաց դասի նկատմամբ կիրառվող ճնշումները։
«Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն։ Տարակուսելի է, որ հիշյալ տասը եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայր Աթոռից իրենց ուղղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրենց հուզող հարցերի շուրջ Ամենայն Հայոց Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից»։
Համակարգող խորհուրդը, սակայն, արդեն ծրագրել է առաջիկա գործողությունները, որոնք ներկայացված են հայտարարության տեքստում։ Դրանք վարչապետ Փաշինյանի ավելի վաղ ներկայացրած կետերն են, ըստ որոնց՝ վեհափառի հեռացումից հետո տեղապահ է ընտրվում, ընդունվում է եկեղեցու կանոնադրություն, ապա նոր կաթողիկոս է ընտրվում:
Մինչդեռ մոտ յոթ ամիս տևող այս պայքարի ընթացքում Գարեգին Բ–ն հեռանալու ոչ մի ակնարկ չի արել:
Ընդդիմադիր քաղաքական թևն ու տարբեր փորձագետներ վերջին հայտարարությունը սուր քննադատությունների թեմա են դարձրել՝ օգտագործելով անգամ «սահմանադրական կարգի տապալում» ձևակերպումը։ Միջազգային իրավունքը վկայակոչելով՝ պնդումներ են արվում, որ այդպիսով ակտիվորեն միջամտում են եկեղեցու գործերին ու կրոնական համայնքի ներքին հարցերին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը սա նվեր է համարում ընդդիմությանը։
«Նոր բան չկա փաստաթղթի մեջ։ Նույն բանն է, ինչ ինքը նախկինում ասել է։ Այդ մարդիկ գնացել են իր մոտ, այսինքն` վարչապետի պաշտոնական կեցավայր են գնացել։ Փաշինյանն առաջին անգամ պաշտոնապես ստորագրում է փաստաթուղթ որպես ոչ թե ՀՀ քաղաքացի, սովորական հավատացյալ՝ այնպես, ինչպես ինքն է ասում, այլ որպես վարչապետ։ Նա զրկում է իր բոլոր պաշտպաններին իրենց հիմնավորումներից, թե այ նա որպես հավատացյալ է սա անում, ոչ թե որպես վարչապետ։ Հետևաբար, Սահմանադրության, օրենքների և այլնի հետ խնդիր չկա»։
Հայտարարությունն ընդունելուց հետո առաջին հանրային միջոցառումը լինելու է հունվարի 6-ի ուխտերթը, որի մասին վարչապետն ասում է․
«Այս երթով պետք է արտահայտենք մեր վերաբերմունքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես հիբրիդային պայքարի գործիք օտար ուժերի, Հայաստանի Հանրապետության, նրա անկախության, ինքնիշխանության և պետականության դեմ օգտագործելու գործելակերպի կապակցությամբ։ Եվ պետք է արտահայտենք մեր հստակ դիրքորոշումը նման գործելակերպի անընդունելիության վերաբերյալ։ Երթը, բնականաբար, լինելու է խաղաղ, լեցուն քրիստոնեական սիրով և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վճռականությամբ։ Ես եմ հրավիրում, կգլխավորեմ այդ երթը»։
Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում տարվա հինգ տաղավար տոներից առաջինի՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոնը հայ առաքելական եկեղեցու հետևորդները կնշեն հակասական պայմաններում և տրամադրությամբ։ Հունվարի 6-ի պատարագը մատուցվելու է թե՛ Մայր Աթոռում, թե՛ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Երկրի վարչապետը նախընտրել է մասնակցել երկրորդ պատարագին։