2026թ. առաջին օրերին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից, որ ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, օգտվել է 771 քաղաքացի, հայտնում են ՀՀ կառավարությունից:
Ըստ հաղորդագրության՝ այս մասին այսօր նշվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Առողջապահության նախարարությունում անցկացված քննարկմանը:
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում առաջին փուլում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով խմբերը և սոցիալական աջակցության համակարգում ներառված անձինք, այդ թվում` զոհված զինծառայողների ընտանիքները, ինչպես նաև 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները:
2025 թ.-ի համար այն ինչ նախատեսվել էր, ամբողջությամբ կատարվել է, նշել է նախարարը՝ հավելելով՝ համակարգը լիարժեք ներդրված է, ենթաօրենսդրական ակտերը մշակված և հաստատված են, ծառայությունների, դեղերի, կարգավիճակ ունեցող անձանց ռեգիստրները նույնպես հաստատվել են։
Վարչապետը կարևորել է վճարովի ծառայությունների համար անկանխիկ եղանակով վճարումը և նշել, որ ընդհանրապես առողջապահության ապահովագրության համակարգի կարևոր մաս է, որ որևէ շահառու որևէ առողջապահական ծառայություն չստանա, որից պետությունը տեղյակ չէ և դրա վճարումը չի տեսնում։
«Որովհետև հակառակ դեպքում ամբողջ համակարգը կդեֆորմացվի, այսինքն՝ համակարգը պետք է ճանաչի բուժառուին և իմանա իր բուժման հետագծելիությունը, սա շատ կարևոր և սկզբունքային պայման է։ Մեր կարևոր խնդիրներից մեկը թափանցիկությունն ապահովելն է, դրա համար կարևոր է, որ տեսնենք գործողությունները, որոնք տեղի են ունենում համապատասխան պրոֆիլի հետ»,– ասել է նա:
