Ամանորյա տոներից հետո շատերը փնտրում են միջոցներ՝ ուժերը վերականգնելու և տարվա ցուրտ եղանակին օրգանիզմին լրացուցիչ էներգիա հաղորդելու համար
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/Նովոստի-Արմենիա/. Ամանորյա տոներից հետո շատերը փնտրում են միջոցներ՝ ուժերը վերականգնելու և տարվա ցուրտ եղանակին օրգանիզմին լրացուցիչ էներգիա հաղորդելու համար: Դիետոլոգներն ու սննդաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել տաքացնող ըմպելիքներին, որոնք օգնում են թարմանալ և ինքնազգացողությունը լավացնել՝ առանց նյարդային համակարգը կոֆեինի ավելցուկով ծանրաբեռնելու:
Ինչո՞ւ է կարևոր վերանայել սովորությունները
Հայաստանում հունվարը ցուրտ եղանակի և օրվա կարճ տևողությամբ ժամանակաշրջան է։ Նման պայմաններում մեկ գավաթ տաք ըմպելիքը դառնում է ոչ միայն սովորություն, այլև աշխատունակությունը պահպանելու միջոց։ Սուրճը մնում է ամենատարածված ընտրությունը, սակայն բժիշկները հիշեցնում են՝ կոֆեինի ավելցուկը կարող է ուժեղացնել տագնապայնությունը, վատթարացնել քունը և զգայուն մարդկանց մոտ առաջացնել սրտխփոց։
Առողջ մեծահասակ մարդկանց մեծամասնության համար օրական մինչև 400 մգ կոֆեինը համարվում է անվտանգ չափաբաժին, սակայն անհատական արձագանքը կարող է խիստ տարբերվել: Կոֆեինի կիսատրոհման պարբերությունը միջինում կազմում է մոտ 5 ժամ, իսկ որոշ մարդկանց մոտ՝ ավելի երկար, այդ իսկ պատճառով երեկոյան սուրճը հաճախ ազդում է քնի որակի վրա:
Ձմռանը սովորաբար աճում է նաև սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը, ուստի տաք ու խնայող ազդեցությամբ ըմպելիքների ընտրությունը կարող է դառնալ ինքնազգացողության մասին ընդհանուր հոգածության մի մասը։
Ձմեռային 5 լավագույն ըմպելիքները
1. Կոճապղպեղով (իմբիր) թեյ՝ մեղրով և կիտրոնով
Ինչով է օգտակար
Կոճապղպեղը պարունակում է գինգերոլ՝ հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններով օժտված կենսաբանական ակտիվ միացություն։ Տաք ըմպելիքի մեջ այն կարող է օգնել ջերմանալ և պահպանել ընդհանուր ինքնազգացողությունը մրսածության սեզոնին։
Մեղրն ավանդաբար օգտագործվում է կոկորդը փափկեցնելու համար, իսկ կիտրոնը հարստացնում է համը, բացի այդ, այն վիտամին C-ի աղբյուր է: Նման ըմպելիքը դեղամիջոց չէ, բայց լավ տարբերակ է ձմեռային սննդակարգի մաս կազմելու համար։
Ինչպես պատրաստել
Քերիչով անցկացնել 2–3 սմ թարմ կոճապղպեղ, վրան լցնել տաք (ոչ եռման) ջուր, ավելացնել մեկ կտոր կիտրոն և մեկ թեյի գդալ մեղր:
2. Չիչխանով թեյ
Ինչով է օգտակար
Չիչխանը հարուստ է վիտամին C-ով, վիտամին E-ով և ճարպաթթուներով, որոնք կարևոր են մաշկի և լորձաթաղանթների համար, հատկապես՝ ձմռան սեզոնին։ Վիտամին C-ի բարձր պարունակությամբ մթերքները, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, կանոնավոր օգտագործման դեպքում կարող են աննշան կրճատել մրսածության շարունակականութունը։
Ինչպես պատրաստել
Տրորել 1–2 ճաշի գդալ հատապտուղ, վրան լցնել տաք ջուր (ոչ եռման ջուր), ըստ ճաշակի ավելացնել մեղր։
3. Մատչա
Ինչով է օգտակար
Մատչան փոշիացված կանաչ թեյ է, որը պարունակում է կոֆեին՝ L-թեանինի հետ համակցված։ Այս համադրությունը սուրճի համեմատ տալիս է առավել մեղմ ու հավասարաչափ թարմացնող ազդեցություն և կարող է բարելավել կենտրոնացումը՝ առանց արտահայտված նյարդային գրգռվածության։
Մատչայի մեջ կոֆեինի քանակը կախված է չափաբաժնից ու պատրաստման եղանակից և կարող է համադրելի լինել մեկ գավաթ սուրճի հետ, ուստի այն նույնպես արժե օգտագործել չափավոր։
4. Կակաո՝ բուսական կաթով
Ինչով է օգտակար
Բնական կակաոյի փոշին պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք նպաստում են անոթների առողջությանը, ինչպես նաև մագնեզիում՝ նյարդային համակարգի աշխատանքի համար կարևոր միկրոտարր: Նշի կամ վարսակի կաթով պատրաստված ըմպելիքը ստացվում է սննդարար և մեղմ՝ առանց կտրուկ խթանող ազդեցության:
Կարևոր է.
ընտրել կակաո առանց հավելյալ շաքարի և բուրավետիչների:
5. Եղերդակ (Цикорий)՝ հիլով
Ինչով է օգտակար
Եղերդակը չի պարունակում կոֆեին և համապատասխանում է նրանց, ում սուրճը հակացուցված է կամ ցանկալի չէ օգտագործել։ Այն պարունակում է ինուլին՝ լուծվող բջջանյութ, որն աջակցում է աղիքների միկրոֆլորային և նպաստում մարսողության բնականոն աշխատանքին։
Հիլի ավելացումն ըմպելիքին հաղորդում է սուրճին բնորոշ համ ու բույր, ինչպես նաև նրա համն ավելի հագեցած է դարձնում։
Ավանդական հայկական ըմպելիքներ
Ուրցով թեյ
Լեռնային ուրցն ավանդաբար օգտագործվում է թեյի տեսքով՝ մրսածության և հազի ժամանակ։ Բույսը պարունակում է եթերայուղեր, այդ թվում՝ թիմոլ, և Եվրոպայում ճանաչված է որպես ավանդական բուսական միջոց՝ վերին շնչուղիների վարակների ախտանշանները մեղմելու համար։
Չրերով կոմպոտ
Հայկական ընտանիքների ձմեռային դասական ըմպելիքը։ Ծիրանի, խնձորի և տանձի չրերը պահպանում են հանքանյութերը, այդ թվում՝ կալիումը, որը կարևոր է սրտի աշխատանքի համար։ Կոմպոտը լավ հագեցնում է ծարավը և հարմար է երեկոյան օգտագործելու համար։
Ովքեր պետք է լզգույշ ինեն
Չնայած թվարկված ըմպելիքները համարվում են անվտանգ մարդկանց մեծամասնության համար, կան իրավիճակներ, երբ անհրաժեշտ է ցուցաբերել զգուշություն կամ բժշկի խորհրդատվություն։
Կոճապղպեղ (Имбирь)
-Հակակոագուլյանտներ (արյունը ջրիկացնող դեղամիջոցներ) ընդունող մարդիկ պետք է սահմանափակեն կոճապղպեղի օգտագործումը, քանի որ այն կարող է ուժեղացնել դրանց ազդեցությունը։
-Լեղաքարային հիվանդության դեպքում կոճապղպեղը կարող է խթանել լեղու արտադրությունը։
-Հղի կանանց խորհուրդ է տրվում կոճապղպեղն օգտագործել չափավոր և միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։
Մեղր
-Կատեգորիկ հակացուցված է մինչև 1 տարեկան երեխաներին՝ մանկական բոտուլիզմի ռիսկի պատճառով, որը հազվադեպ հանդիպող, բայց վտանգավոր հիվանդություն է։
-Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ պետք է հաշվի առնեն մեղրի մեջ պարզ ածխաջրերի բարձր պարունակությունը։
Ծաղկափոշու կամ մեղվաբուծական մթերքների նկատմամբ ալերգիա ունեցողների մոտ մեղրը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։
Մատչա
-Պարունակում է զգալի քանակությամբ կոֆեին (70-80 մգ մեկ բաժնում), ուստի հարմար չէ կոֆեինի նկատմամբ զգայունություն ունեցող մարդկանց համար:
-Հղի և կերակրող մայրերին խորհուրդ է տրվում սահմանափակել կոֆեինի ընդհանուր սպառումը օրական մինչև 200 մգ:
-Տագնապային խանգարումների և անքնության դեպքում ավելի լավ է խուսափել դրանից կամ օգտագործել միայն օրվա առաջին կեսին:
Չիչխան (Облепиха)
-Կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել հատապտուղների նկատմամբ զգայունություն ունեցող մարդկանց մոտ:
-Ստամոքսի բարձր թթվայնության դեպքում չիչխանի խտացված հյութը կարող է առաջացնել անհանգստության զգացում (դիսկոմֆորտ):
Ուրց (тимьян)
-Եթերայուղերի բարձր խտությունը կարող է հակացուցված լինել հղիության ընթացքում:
-Հնարավոր են ռեակցիաներ շրթնածաղկավորների ընտանիքի բույսերի (անանուխ, ռեհան, օրեգանո) նկատմամբ ալերգիա ունեցողների մոտ։
Եղերդակ (Цикорий)
-Կարող է ուժեղացնել լեղու արտադրությունը, ուստի լեղաքարային հիվանդության դեպքում անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել։
-Հազվադեպ դեպքերում առաջացնում է ալերգիկ ռեակցիաներ, հատկապես աստղածաղկավորների ընտանիքի բույսերից (ամբրոզիա, քրիզանթեմ) ալերգիա ունեցող մարդկանց մոտ:
Ընդհանուր խորհուրդներ
– Հղի և կերակրող մայրերին խորհուրդ է տրվում նախքան սննդակարգում նոր խոտաբուսային ըմպելիքներ ներառելը խորհրդակցել բժշկի հետ։
– Ցանկացած դեղամիջոց ընդունելիս անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի կամ դեղագետի հետ՝ դրանց հնարավոր փոխազդեցությունը բուսական ըմպելիքների հետ պարզելու համար։
– Քրոնիկ հիվանդությունների դեպքում (դիաբետ, հիպերտոնիա, ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ) նոր ըմպելիքները ցանկալի է ներառել աստիճանաբար և հետևել օրգանիզմի արձագանքին։
– Եթե ըմպելիքն օգտագործելուց հետո ի հայտ են գալիս անսովոր ախտանշաններ (ցան, քոր, մարսողության խանգարում, սրտխփոց), պետք է դադարեցնել դրա օգտագործումը և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։
Կարևոր է
Նույնիսկ բնական մթերքները կարող են առաջացնել անհատական ռեակցիաներ: Չափավորությունը և սեփական օրգանիզմի ազդանշանների նկատմամբ ուշադրությունը ցանկացած ըմպելիքի անվտանգ օգտագործման հիմքն է:
Գործնական խորհուրդներ
– Հերթագայեք ըմպելիքները. պարտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել սուրճից:
– Հետևեք օրգանիզմի արձագանքին. տագնապայնությունը և քնի հետ կապված խնդիրները կոֆեինի քանակը կրճատելու առիթ են:
– Ընտրեք բնական մթերքներ. առանց շաքարի և բուրավետիչների:
Եզրակացություն
Հայաստանում ձմեռը հարմար ժամանակ է ըմպելիքների սովորական սննդակարգը բազմազան դարձնելու համար: Կոճապղպեղով թեյը, չիչխանը, կակաոն, եղերդակը և ավանդական խոտաբուսային թուրմերը կարող են դառնալ սուրճի մեղմ այլընտրանք՝ օգնելով տաքանալ և պահպանել ինքնազգացողությունը՝ առանց նյարդային համակարգի ավելորդ ծանրաբեռնվածության:
Բազմազանությունն ու չափավորությունը հիմնական սկզբունքներն են, որոնք օգնում են օրգանիզմին ավելի լավ հարմարվել ձմեռային պայմաններին:
*Նյութը պատրաստվել է Newsarmenia.am-ի խմբագրության կողմից: Տեղեկատվությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի փոխարինում բժշկի խորհրդատվությանը: