Ինչպես պաշտպանել եկեղեցին Փաշինյանի գրոհից

Տևական ժամանակ Փաշինյանի քարոզարշավը կազմակերվում էր «Կրթվելը նորաձև է» հանդիպումների քողի տակ։ Բայց վերջին շրջանում քիչ մարդ էր մասնակցում այդ հավաքներին, նույն դեմքերն էին, նույն հոգնեցնող ելույթները։ Արշավի թիրախը սուբյեկտիվ էր, իսկ ՔՊ-ականները կրթվել չէին ուզում։ Այսպես շարունակվելու պարագայում արշավը կտապալվեր ու Փաշինյանը կպարտվեր 2026-ին։ Պետք էր նոր թեմա, որի շուրջ հնարավոր կլիներ հավաքել ատելությամբ առաջնորդվող, մեկին կպնելու, մի բան քանդելու, մերժելու, պղծելու ծարավ մարդկանց։ Ու, թերևս, այս պատճառով Փաշինյանն օրակարգ նետեց Գարեգին Բ-ին գահընկեց անելու, եկեղեցու և հոգևորականների հանդեպ ատելության թեման։ Եկեղեցու դեմ արշավը ներկայում վերաճել է ՔՊ-ի քարոզարշավի, որն ավելի աշխույժ է և ունի օբյեկտիվ թիրախ։

Նիկոլ Փաշինյանը հունվարի 4-ի երեկոյան հայտարարություն է հրապարակել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ, որի տակ իրենից զատ ստորագրել են 10 եպիսկոպոսները: Հայտարարության տեքստում ասվում է նաև, որ ներքոստորագրյալները ձևավորում են Համակարգող խորհուրդ, որին վերապահվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ:

Քաղաքական համայնքն արձագանքել է Փաշինյանի այս նախաձեռնությանը։ Շատերը մտոհոգություն են հայտնում այս կապակցությամբ ու բարձրացնում կարևոր հարց՝ ինչպե՞ս պաշտպանել եկեղեցին ատելությամբ լցված մարդկանց գրոհից։

Ոմանք կոչ են անում, խնդրում, առաջարկում Վեհափառին՝ կարգալույծ անել տիրադավ եպիսկոպոսներին։ Այս դիրքորոշման կողմնակցիները ենթադրում են, որ 10 եպիսկոպոսներին կարգալույծ անելով, թեման կփակվի, Փաշինյանը կզրկվի պատրանքային լեգիտիմությունից, նրա կողքին ոչ մի լուրջ հոգևորական չի կանգնի, ու նրա շարժումը կվերածվի աղանդավորության։ Սակայն եպիսկոպոսներին կարգալույծ անելու պահը բաց է թողնված։ Եվ չկա ակնարկ, որ Վեհափառը մտադիր է նրանց կարգալույծ անել առաջիկայում։

Ոմանք իրավական ճանապարհով են լուծումներ առաջարկում, Փաշինյանի այս նախաձեռնությունը որակում սահմանադրական կարգի տապալման փորձ և այլն։ Սակայն դեռ չկա ակնկարկ, որ եկեղեցու պաշտպանության դիրքերում կանգնողները մտադիր են դատի տալ, հաղորդում ներկայացնել Փաշինյանի և 10 եպիսկոպոսների դեմ, նրանց մեղադրելով սահմանադրական կարգի դեմ կատարված խախտումների մեջ։ Կա նաև հոռետեսություն, որ իրավական Փաշինյանը կարող է ճնշում գործադրել դատարանի վրա։

Հաղորդակից անոթաների մասին օրենքով՝ ինչքան ակտիվանում է քաղաքական մեծամասնությունն, նույնքան ակտիվանում են ընդդիմադիր ուժերը։ Արմատական դիրքորոշման կրողները կոչ են անում սևեռվել սեփական ընտրապայքարի վրա, միավորել ջանքերը, հաղթել հունիսի 7-ին։ Դրանից հետո կալանավորված հոգևորականներն ազատ կարձակվեն ու կարդարացվեն, 10 եպիսկոպոսները դարձի կգան։ Եկեղեցու բարենորոգման հարցերը կքննարկեն հանդարտ միջավայրում։ Այս առումով՝ ակնհայտ է, որ եկեղեցու պառակտման ու կաթողիկոսին գահընկեց անելու թեման շարունակվելու է այնքան, քանի դեռ Փաշինյանը վարչապետ է։

Պարզ ասած՝ եկեղեցին Փաշինյանի գրոհից պաշտպանելու ուղիղ ճանապարհն անցնում է քվեատուփի կողքով։ Եվ ենթադրելի է, որ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ նախաձեռնած քայլերի արդյունքում կձևավորվի ընդդիմադիր ուժերի մեծ համախմբում, որի խնդիրներից մեկն էլ կլինի եկեղեցու պաշտպանությունը։ Ու եթե ընդդդիմադիր ուժերը սկզբունքորեն մերժեն ռուսամետությունն ու կանգնեն անկախության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերում, ապա կարող են հաղթել ԱԺ առաջիկա ընտրություններում ու փակել եկեղեցու դեմ արշավի այս խայտառակ էջը։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Comment