Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհեր կան․ հիվանդանոց է վնասվել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և Կիևի մարզի վրա ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տեղեկացմամբ՝ մայրաքաղաքում հարված է հասցվել մասնավոր բժշկական հաստատությանը պատկանող չորսհարկանի շենքին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հրդեհը մարվել է։ Շենքում դի է հայտնաբերվել։ Քսանհինգ մարդ տարհանվել է, երեքը՝ վիրավորվել», – ասվում է հաղորդագրությունում։

Օբոլոնի շրջանի վարչակազմի ղեկավար Կիրիլ Ֆեսիկը պարզաբանել է, որ հարվածը հասցվել է մասնավոր բժշկական հաստատությանը, որը վնասվել է բեկորների անկման հետևանքով։ Ըստ Ֆեսիկի՝ այդ պահին շենքում եղել է շուրջ 70 մարդ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտնել է, որ հունվարի լույս 5-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 165 անօդաչու թռչող սարքերով, այդ թվում՝ մոտ 100 «Շահեդ»-ով։

Կիևի մարզի վրա ռուսական հարձակման հետևանքով ևս մեկ մարդ է զոհվել:

«Ֆաստովի շրջանում թշնամու հարձակման հետևանքով զոհվել է քաղաքացիական անձ՝ 1951 թվականին ծնված տղամարդ: Նրա մարմինը հայտնաբերվել է սեփական տանը հրդեհը մարելիս»,- նշել է Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը:

Պաշտոնյայի տեղեկացմամբ՝ շվնասվել են նաև Ֆաստովի շրջանի բնակելի շենքեր՝ յոթ մասնավոր տուն և մեկ բազմահարկ շենք, ինչպես նաև ավտոտնակներ, երկու մեքենա, արդյունաբերական և պահեստային տարածքներ:

Միաժամանակ, ռուսական հարձակման հետևանքով Սլավուտիչ քաղաքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի:

«Բոլոր կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները միացվել են պահեստային սնուցման։ Քաղաքն ունի ջեռուցում և ջուր», – հայտարարել է Կալաշնիկը։

 

 

 

Leave a Comment