Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենն ԱՄՆ-ի կողմից կղզու վերաբերյալ «կրկնվող հռետորաբանությունը» համարում է անհարգալից և անընդունելի և Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել ճնշումը, ակնարկները և «միացման մասին ֆանտազիաները», գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք սերունդներ շարունակ հանդիսացել ենք Միացյալ Նահանգների մոտ և հավատարիմ բարեկամը, դժվար ժամանակներում կանգնել ենք ուս-ուսի տված։ Հենց այդ պատճառով ԱՄՆ-ի կրկնվող հռետորաբանությունը լիովին անընդունելի է։ Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է այն մասին, որ իրենց անհրաժեշտ է Գրենլանդիան, և մեզ կապում է Վենեսուելայի ու ռազմական միջամտության հետ, դա ոչ միայն սխալ է, այլև անհարգալից»,- հայտնել է նա։
Նիլսենն ընդգծել է, որ կղզին «մեծ տերությունների հռետորաբանության օբյեկտ չէ», այլ ժողովուրդ և ժողովրդավարություն, ինչը պետք է հարգվի, հատկապես՝ մտերիմ բարեկամների կողմից։
«Սպառնալիքները, ճնշումը և միացման մասին խոսակցություններն անթույլատրելի են բարեկամների միջև։ Այդպես չի կարելի խոսել մի ժողովրդի հետ, որը կրկին ու կրկին ցուցադրել է պատասխանատվություն, կայունություն և հավատարմություն։ Բավական է։ Այլևս ոչ մի ճնշում։ Այլևս ոչ մի ակնարկ։ Այլևս ոչ մի ֆանտազիա միացման մասին»,- ասել է նա։
Կղզու վարչապետի խոսքով՝ Գրենլանդիայի բնակիչները «բաց են երկխոսության համար», բայց քննարկումները պետք է լինեն համապատասխան ուղիներով և միջազգային իրավունքի պահպանմամբ։
