Փաշինյանի տարվա առաջին «պատարագ»-ը Հովհաննավանքում․ ի՞նչ ուղերձով հանդես եկավ կարգալույծ քահանան

Հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանը կրկին այցելել էր Արագածոտն մարզի Օհանավան գյուղ և Հովհաննավանքում մասնակցել «պատարագի»։ Սա այս տարվա առաջին «պատարագ»-ն է, որին մասնակցեց Փաշինյանը։

Կեղծ պատարագը մատուցեց Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը)։

Տարվա առաջին «պատարագ»-ին Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանի կողքին իր թիմակիցներից շատ քչերն էին ներկա։ Նրա կողքին էին ՀՀ Էկանոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, դերասան Գնել Սարգսյանը։

«Պատարագ»-ին ներկա էին նաև մյուս կարգալույծ քահանաները` Արամայիս Թախմազյանը (Թալինի Բազմաբերդ գյուղի նախկին հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյան) և Վարդան Հունանյանը (Տեր Տարոն քահանա Հունանյան):

Նշենք, որ կեղծ պատարագի ժամանակ Ստեփան Ասատրյանը համեմատականներ է անցկացրել ներկայի և անցյալի՝ Քրիստոսի ժամանակների միջև։ Նա մեջբերել է Ավետարանից մի հատված, որտեղ Քրիստոսն ասում է․ «Երուսաղե՛մ, Երուսաղե՛մ, դու, որ քո մարգարեներին կոտորում էիր, քանի՜, քանի՜ անգամ ցանակացա քեզ հավաքել՝ ինչպես հավը իր ձագերին կհավաքեր իր թևերի տակ», -ապա Ստեփան Ասատրյանը շարունակեց,- բայց նաև ասաց, որ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստն այդ տաճարը չպիտի վերականգնվի։

Այդպես է նաև այսօր։ Նկատում ենք, որ մեր տաճարները փորձում են քանդել, շատ շատերիս տաճարները կիսատ է, և շատ շատերն իրենց հավատի տաճարի առջև կանգնած իրենց գլուխները հարվածում են քանդված տաճարի պատերին և ցանկանում են, որ Աստված իրենց կյանքում հրաշագործի, բայց այդպես չի լինում, սիրելինե՛ր, մինչև Քրիստոսով մեր տաճարները չվերականգնենք, նրան մեր տաճարների մեջ չբերենք ու բնակեցնենք, մեր տաճարները կանգուն չեն լինելու»,- ասել է կարգալույծ քահանան։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանն իր համախոհներին հրավիրել է սուրբծննդյան ուխտերթի, որը կմեկնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու բակից և կավարտվի Սուրբ Աննա առաջնորդանիստ մայր տաճարի բակում, որտեղ էլ, ինչպես Փաշինյանն է հայտնել, շատ կարճ հավաք տեղի կունենա։

Նանիկ Աղասյան

Leave a Comment