Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել երեկ երեկոյան վարչապետի և տաս եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել երեկ երեկոյան վարչապետի և տաս եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ։
Ստորև ներկայացնում ենք Մայր Աթոռի հայտարարությունն ամբողջությամբ․
«Երեկ երեկոյան վարչապետի և տաս եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։
ա․ Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։
բ․ Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն։ Տարակուսելի է, որ հիշյալ տաս եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայր Աթոռից իրենց ուղղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրեց հուզող հարցերի շուրջ Ամենայն Հայոց Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից։
գ. Հարկ է ընդգծել, որ Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերպահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով։
դ․ Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ցավալի հետևանքներով»։
Նշենք, որ Փաշինյանը հունվարի 5–ի գիշերը հայտարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացի մեկնարկի մասին։ Հայտարարության մեջ, որը ստորագրել է վարչապետն ու տասը եպիսկոպոսները, ներկայացված է այդ գործընթացի ճանապարհային քարտեզը, որը բաղկացած է 5 կետերից՝ բարենորոգման օրակարգի հանրահռչակում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում), սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում, Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր, Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։