Տուրիստական ընկերությունների գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 53 մլն դրամի վնաս. Դատախազություն

Տուրիստական մի շարք ընկերությունների հակամրցակցային գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 53 միլիոն դրամի վնաս. դատախազը քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարան, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Վարույթով մասնավորապես պարզվել է, որ Հայաստանում տուրիստական գործունեություն ծավալող 7 ընկերությունների ղեկավարներ մտադրվել են հակամրցակցային գործունեության միջոցով շուկայից դուրս մղել տուրիստական գործունեությամբ զբաղվող մեկ այլ ընկերության:

Այդ 7 ընկերությունների ղեկավարները, ձեռք բերելով հակամրցակցային համաձայնություն, հրաժարվել են վերոնշյալ տուրիստական ընկերությանն ավիատոմսեր վաճառելուց և այդ ընկերության հետ աշխատող գործընկերների հետ համագործակցելուց: Նկարագրված հակամրցակցային գործողությունների հետևանքով տվյալ ընկերությունը, գտնվելով մրցակցության սահմանափակման մեջ, հնարավորություն չի ունեցել պատշաճ իրականացնել տուրիստական գործունեություն. 130 հայ զբոսաշրջիկներին Եգիպտոսի Հուրգադա քաղաք տեղափոխելուց հետո չի կարողացել կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան:

Խնդրի լուծման նպատակով Կառավարության 2019 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ՝ Եգիպտոսում գտնվող շուրջ 130 քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխման ծառայությունների իրականացման համար կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 47 միլիոն 198 հազար դրամ, իսկ 2019 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ՝ նույն նպատակի համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է 5 միլիոն 838 հազար դրամ:

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել տուրիստական 7 ընկերությունների տնօրենների նկատմամբ, ապա քրեական վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Միաժամանակ, ՀՀ-ին պատճառված վնասը վերականգնելու նպատակով Ֆինանսների նախարարությունը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան: Դատարանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ի վճռով՝ հօգուտ ՀՀ պետական բյուջեի կբռնագանձվի 53 միլիոն դրամ՝ որպես պարտավորության գումար։

Leave a Comment