Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը առաջնահերթություն է տվել Միացյալ Նահանգների հետ հավասարակշռված և հարգալից հարաբերություններին և առաջարկել Վաշինգտոնի հետ համագործակցել համատեղ օրակարգի շուրջ։
«Մենք առաջնահերթություն ենք տալիս Միացյալ Նահանգների և Վենեսուելայի, ինչպես նաև Վենեսուելայի և տարածաշրջանի երկրների միջև հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերություններին՝ հիմնված ինքնիշխան հավասարության և չմիջամտելու վրա։ Այս սկզբունքներն են մեր դիվանագիտությունը առաջնորդում աշխարհի մնացած մասի հետ մեր փոխազդեցություններում»,- ասել է Ռոդրիգեսը իր «Տելեգրամ» ալիքում հրապարակված հայտարարության մեջ:
Նա առաջարկել է Միացյալ Նահանգների հետ համագործակցել «միասին համատեղ զարգացմանն ուղղված համագործակցության ծրագրի շուրջ»՝ հաշվի առնելով միջազգային իրավունքը։
Ռոդրիգեսն ընդգծել է, որ Վենեսուելան պաշտպանում է «խաղաղությունը և խաղաղ համակեցությունը» և ցանկանում է ապրել «առանց արտաքին սպառնալիքների»։
«Նախագահ Դոնալդ Թրամփը, մեր ժողովուրդը և մեր տարածաշրջանը արժանի են խաղաղության և երկխոսության, այլ ոչ թե պատերազմի։ Սա եղել և մնում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի դիրքորոշումը, և սա ամբողջ Վենեսուելայի դիրքորոշումն է այս պահին», – հավելել է նա։
Հունվարի 3-ին ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը խուզարկել են Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, առևանգել և ձերբակալել նրանց։
Նրանք տեղափոխվել են Նյու Յորք, Բրուքլինի՝ խիստ ռեժիմի մեկուսարան. այստեղ զույգը կդատապարտվի թմրանյութերի հետ կապված ահաբեկչության, կոկաինի ներմուծման և անօրինական զենքի պահման մեղադրանքներով:
Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշել է, որ Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը, պետք է դառնա երկրի նախագահի պաշտոնակատար։
Կարակասում ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի գործողությունից և Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան մինչև ժողովրդի շահերը պաշտպանող կառավարության ձևավորումը:
Թրամփը նաև հայտարարել է, որ ինքը կվերահսկի Վենեսուելայի նավթային պաշարները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
77 դիտում