5 հունվարի 2026 – 12:25 AMT
PanARMENIAN.Net – Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյբուքյան իր էջում, անդրադառնալով եկեղեցու վերանորոգման վերաբերյալ հայտարարությանը վարչապետի նստավայրից և դրա ստորագրմանը, գրել է, որ դրանով «գրավոր և պաշտոնապես հաստատվեց, որ ՀԱԵ դեմ գրոհը քաղաքական գործընթաց է»:
«Այս ամբողջ շոուի ու ստորագրած թղթի միակ հետաքրքիր մասն այն է, որ անհոդաբաշխ մտքերի ոչինչ չասող այս շարադրանքն ինքը ստորագրել է ի պաշտոնե, որպես վարչապետ։ Գուցե փառասիրությունը թույլ չի տվել հիշել, որ այս արշավում ներկայանում էր իբրև եկեղեցու շարքային հետևորդ, գուցե տեքստը կազմող աշխատողն է վախեցել պաշտոնը չնշել… Բայց սույնով գրավոր, պաշտոնապես հաստատվեց, որ եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է, և որ պետությունը ուղիղ է միջամտում եկեղեցու գործերին»,-գրել է նա:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հերթին ֆեյսբուքյան էջում, գրել է, թե գործադիր իշխանության ղեկավարն «ի՞նչ գործ ունի միջամտի եկեղեցու գործերին, մի հատ էլ իր կեցավայրից ուղերձ հղի»։
«Ու՞ր մնաց եկեղեցին անջատված է պետությունից սկզբունքը։
Ժողովրդավարական բաստիոնում արդեն վարչապետի կեցավայրից են եկեղեցու բարենորոգման ծրագիր հռչակում։
Միջազգային կառույցներ,ի՞նչ կա…Էսա կգաք լոլոներ կարտաբերեք նիկոլիզմի ժողովրդավար լինելու մասին, չէ՞։
Դե իսկ Փաշինյանն էլ բոլոր հարցերը լուծել է, հիմա զբաղված է հոգևոր կյանքի բարենորոգումով էլի…
Հայաստանի 240 քառ կմ ազատագրել է ադրբեջանական օկուպացիայից, հայ ռազմագերիներին վերադարձրել է Հայաստան, արցախահայերի Արցախ վերադարձի հարցը բարով խերով լուծել է, հիմա էլ զբաղված է եկեղեցու «բարենորոգումով»,-գրել է նա:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հակասահմանադրական քայլ է բնութագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տասը եպիսկոպոսների կողմից ներկայացված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու իբր բարենորոգման այն հերթական արարը, որին քիչ առաջ ականատես եղանք, կարելի է գնահատել՝ որպես սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ, որին իրավապահ համակարգը, կարծում եմ՝ պետք է անդրադառնա:
Բայց այս ամենում մի կարևոր հանգամանք կուզենայի շեշտել։ Ն. Փ.-ն բազմաթիվ անհաջող փորձերից հետո հասկացել է, որ իր ուժերից վեր է «կայծակնային» արագությամբ հեռացնել Վեհափառին և կազմաքանդել հայկական հոգևոր-ազգային ամենահին կառուցակարգերից մեկը, ուստի դիմում է հայտնի հին մեթոդին՝ անհասկանալի և ոչ լեգիտիմ հանձնաժողովներով և համակարգող խորհուրդներով կոծկել իր հերթական տապալումը:
Բացի այս, դրանց ստեղծմամբ, Ն.Փ.-ն պաշտոնապես մեկնարկում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պառակտման գործընթացը և որպես կառավարության փաստացի ղեկավար, գլխավորելով այդ համակարգող խորհուրդ կոչեցյալը, կրում ուղիղ պատասխանատվություն հնարավոր բոլոր հետևանքների համար:
Առաքելական մեր Սուրբ եկեղեցին սրանից ավելի դժվարին փորձությունների և պայքարի միջով է անցել, այս մեկից էլ վստահաբար պատվով դուրս կգա։
Հենց դրա համար Վեհափառ Հայրապետին որդիաբար խնդրում եմ մեր Սուրբ եկեղեցուն անմնացորդ աջակցելու հորդորով դիմել հավատավոր ազգին և այս փուլում առնվազն պաշտոնանկ անել տիրադավերին։
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ո՜վ Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»,-ասվում է Վանեցյանի գրառման մեջ: