Իրանի Ղազվին նահանգում իրականացված օպերատիվ գործողությունների ընթացքում երկրի ոստիկանությունը բացահայտել և ձերբակալել է դիվերսիոն խմբի անդամների, որը ծրագրում էր հարձակումներ իրականացնել ռազմական և կառավարական օբյեկտների վրա, հայտնել է Tasnim-ը՝ հղում անելով նահանգային ոստիկանության պետ Մոհամմադ Ղասեմ Թարխանիին։
«Մարզային ոստիկանության հետախուզության աշխատակիցները, համագործակցելով Ղազվինում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայության հետ, իրականացրել են մի շարք օպերատիվ գործողություններ, որոնք բացահայտել են, որ անձինք ստեղծել են դիվերսիոն խումբ՝ մի շարք ռազմական և կառավարական օբյեկտների վրա բռնության գործողություններ և հարձակումներ իրականացնելու մտադրությամբ»,- ասել է նա։
Ինչպես նշել է Թարխանին, բոլոր ձերբակալվածները խոստովանել են։ Բացի այդ, պարզվել է, որ նրանք մասնակցել են Իրանում 2022 թվականի բողոքի ցույցերի ժամանակ անկարգությունների կազմակերպմանը։
2025 թվականի դեկտեմբերի վերջին Իրանում սկսվել էին բողոքի ցույցեր տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման ֆոնին։ Բողոքի ակցիաների հիմնական պատճառը փոխարժեքի կտրուկ տատանումներն են և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա։
Սոցիալական ցանցերում տարածվել էին տեսանյութեր Թեհրանում և այլ քաղաքներում անցկացվող ցույցերից։ Այս ֆոնին Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական էր տվել։ Նրա փոխարեն նախագահական հրամանագրով դեկտեմբերի 31-ին նշանակվել էր Աբդոլնասեր Հեմմաթին։
Իրանը ներկայումս ապրում է բարձր գնաճի փուլ․ Կենտրոնական բանկի տվյալներով՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 38,9%-ի։ Ռիալն արագ արժեզրկվում է: Ներկայումս ազատ շուկայում մեկ դոլարի արժեքը հասնում է 1,4 միլիոն ռիալի։
