ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

Եկեղեցին հոգևոր վերանորոգման կարիք չունի, բոլոր խնդիրները պետք է լուծվեն ներսում, ինչպես մինչ օրս արվել է: 24News-ի հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և 10 տիրադավերի երեկ ստորագրած «ՀԱԵ-ի բարենորոգման քարտեզին», նման կարծիք հայտնեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ նշելով, որ այդ քարտեզում որևէ նորություն չկա:
«Մինչ թուղթը ստորագրելը վաղուց բոլորիս համար ամեն ինչ պարզ էր, սա հերթական քայլն է, բանավոր ասվածը թղթին են հանձնել, շատ մակերեսային բաներ են գրված: Տպավորություն են ստեղծում, թե Եկեղեցին հիմա-հիմա գլորվելու է վիհը, իրենք եկել են փրկելու, արհեստական գործընթաց է»:
Հիշեցնենք, որ հունվարի 4-ի երեկյան Նիկոլ Փաշինյանը տարածեց «ՀԱԵ բարենորոգման մասին ճանապարհային քարտեզ», որի երկրորդ կետը ենթադրում է Կաթողիկոսի հեռացում գահից: Նշվածի տակ ստորգրել են տիրադավ անվանումը ստացած 10 եպիսկոպոսները:
Տեր Փառենը, անդրադառնալով այդ 10 եպիսկոպոսներին կարգալույծ անելու հարցին, նշեց, որ Մայր Աթոռի որոշելիքն է, իսկ ինքը երեկվա տեսարանից միայն ցավ է ապրում:
«Չգիտեմ՝ ճնշումների տակ են գործում, թե ոչ, բայց ցավ եմ ապրում, մեր եպիսկոպոսները սրան արժանի չէին»:
Հասմիկ Կիրակոսյան
–00—ՅՄ