Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 6-ին՝ Սուրբծննդյան օրը, քաղաքացիներին ուխտերթի է հրավիրել, այդ մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում։
Նա նշել է, որ ուխտերթը կմեկնարկի ժամը 13.30-ին՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից, այնուհետ երթը կշարժվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։
Փաշինյանի խոսքով՝ ուխտերթի առաջին խորհուրդը Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը նշանավորելն է։
«Երկրորդ խորհուրդն է արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սրբազան անավդությանը։ Երրորդ խորհուրդն է արտահայտել աջակցություն Հայաստանյայց Առաքելական եկեղեցու բարենորոգմանը, որի մասին եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ երեկ երեկոյան հանդես եկանք հայտարարությամբ»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ ուխտերթով իրենց աջակցությունն են հայտնելու Հայաստանի պետականությանը։
«Այդ ուխտերթով մեր դիրքորոշումն ենք արտահայտելու առ այն, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու փաստացի պետի (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդ-խմբ․) և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մեր պետության, ինքնիշխանության, անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպն անընդունելի է։ Մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու»,- շեշտել է Փաշինյանը։
Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա կոչ էր արել բողոք հայտնել Հայ Առաքելական եկեղեցու պատարագի ժամանակ, եթե լսվի Գարեգին Երկրորդի անունը։ Փաշինյանի հետ 10 եպիսկոպոսի հանդիպումից հետո, ովքեր պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, ՀՀ իշխանություններն ուժեղացրել են եկեղեցու վրա ճնշումը։ Կառավարության որոշմամբ՝ պետական և համայնքային հողերն այլևս չեն փոխանցվի եկեղեցուն։ Կառավարությունը նաև լուծարել էր եկեղեցու հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունը։
Կարդացեք նաև՝
