Ֆրանսիական «Ստրասբուրգի» գլխավոր մարզիչ Լիամ Ռոսենյորը նախորդ հանգստյան օրերին ժամանել է Լոնդոն և մոտ ժամանակներս պայմանագիր կկնքի «Չելսիի» հետ։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը 41-ամյա անգլիացի մասնագետը հանդիպում-հարցազրույց կունենա լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ։ «Ստրասբուրգն» այժմ շտապ կարգով փոխարինող է փնտրում։ Կազմակերպչական հարցերը կարգավորելուց անմիջապես հետո Ռոսենյորը կստանձնի «ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին «Չելսին» հայտարարեց Էնցո Մարեսկայի պաշտոնանկության մասին, որը թիմը գլխավորում էր 2024 թվականից։ Նրա գլխավորությամբ լոնդոնցիները նվաճել են Կոնֆերենցիաների լիգայի գավաթը և դարձել Աշխարհի ակումբային չեմպիոն։
Ռոսենյորը «Ստրասբուրգը» գլխավորում է 2024 թվականից։ 2024/25 մրցաշրջանում նրա թիմը Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը։