ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կուբան «պատրաստ է անկման»։
«Կուբան, կարծես, անկման եզրին է։ Ես չգիտեմ, թե ինչպես նրանք «մնան ջրի երեսին», բայց Կուբայում այս պահին որևէ եկամուտ չկա։ Նրանք իրենց ամբողջ եկամուտը ստացել են Վենեսուելայից, վենեսուելական նավթից», – ասել է Թրամփը Air Force One-ի ինքնաթիռում։ Բայց հիմա նրանք ոչինչ չեն ստանալու, հավելել է Թրամփը։
Ավելի վաղ՝ Մար-ա-Լագոյում, Թրամփը նշել է, որ Կուբան «շատ լավ չի գործում», և որ երկրի ժողովուրդը «տառապել է շատ, շատ տարիներ»։ Նա երկիրը բնութագրել է որպես ծանր վիճակում գտնվող։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն (որի ծնողները կուբացի ներգաղթյալներ են) ասել է. «Եթե ես ապրեի Հավանայում և լինեի կառավարությունում, ես կանհանգստանայի՝ գոնե մի փոքր»։
Հարցին, թե արդյոք Կուբան ԱՄՆ-ի հաջորդ թիրախն է Վենեսուելայից հետո, պետքարտուղարը նշել է, որ Կուբայի կառավարությունը «մեծ խնդիր է»։ Միևնույն ժամանակ, կուբայական Cubadebate հրատարակությունը հաղորդում է, որ Վենեսուելայի կառավարության խնդրանքով առաքելություններ կատարող 32 կուբացիներ զոհվել են ԱՄՆ ռազմական գործողության ժամանակ, որի արդյունքում գերի է վերցվել նախագահ Նիկոլաս Մադուրոն: «Հավատարիմ իրենց անվտանգության և պաշտպանության պարտականություններին՝ մեր հայրենակիցները արժանապատվորեն և հերոսաբար կատարեցին իրենց պարտականությունը և զոհվեցին կատաղի դիմադրության արդյունքում՝ կամ հարձակվողների դեմ անմիջական մարտում, կամ ռմբակոծությունների հետևանքով», – ասվում է Հավանայի հայտարարության մեջ։ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի կողմից հայտարարվել է երկօրյա ազգային սուգ, որը կտևի հունվարի 5-ի առավոտյան ժամը 6:00-ից մինչև հունվարի 6-ի կեսգիշերը:
Այս ընթացքում դրոշները կկիջեցվեն, և միջոցառումները կչեղարկվեն։ Դոնալդ Թրամփը Air Force One-ի եթերում հայտարարել է, որ Մադուրոյին գերի վերցնելու գործողության ժամանակ «շատ կուբացիներ» են զոհվել: Մարկո Ռուբիոն ասել է, որ կուբացիները Մադուրոյի հետ էին Վենեսուելայում մինչև նրա գերի վերցնելը:
«Մադուրոյին պահպանում էին կուբացիները», – ասել է նա NBC News-ի եթերում։ «Նյու Յորք Թայմս»-ը, հղում անելով վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ ուղղված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի: