Բոլոր սրբությունները հայ ժողովրդի համար սրբազան օրերին ոտնահարած չարիքը չի հրաժարվել իր քաղաքականությունից և կփորձի պղծել անգամ Սուրբ Ծննդյան սրբազան օրը։
Չարիքը, որը նոր չէ Հայաստանում, ինքնախաբեությունը դարձրեց գոյատևման ռազմավարություն։ Այսօր նա այնքան է զորացել ու տարածվել, որ վերածվել է ինքնաոչնչացման աղետալի մի մեխանիզմի։
Փաստերի անտեսումն ու խեղաթյուրումը դարձան սեփական ագրեսիայի և մեղքի հետ առերեսվելուց խուսափելու ամենահարմար գործիքները։ Սուտը հաստատվեց որպես նոր նորմ, դարձավ գերիշխող լեզու։ Ուժեղը ձևավորեց իր «ճիշտը», որը ոչ մի առնչություն չունի իրականության և ճշմարտության, արդարության և բարոյականության հետ։
Չարության տափակությունը (Banalität des Bösen) հենց այստեղ է․
– անբարո և ճղճիմ մարդկանց հետ մեկտեղ, որոնք կազմում են այսօրվա հայոց ինքնաոչնչացման մեքենան,
– նաև ինքնատիպությունից զուրկ և սարսափով համակված հանցավոր պատմության ամենակենցաղային առօրեականությունը,
սովորական մարդիկ, որոնք թվում է, թե ուղղակի կապ չունեին չարի իշխանության հետ՝ իրենց առօրյա հնազանդությամբ, լռությամբ և քարոզչական հոսանքին հետևելով թույլ տվեցին, որ չարիքը աճի և վերածվի կործանարար ուժի։
Այս ամենը հաղթահարելու համար պետք է պայքարել, զարգացնել ակտիվ մտածողությունը, անկախ դատողությունը և անձնական բարոյական պատասխանատվությունը:
Մտքի բացակայությունը (մտածողության բացակայությունը) ծնում է կամ զարգացնում է չարիքը, իսկ խորհրդածական երկխոսությունը և մասայական պարտադրված «ճշմարտությանը» կույրորեն հնազանդվելու մերժումը կանխում են այն:
Տիրատուր քահանա Սարդարյան
Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ