Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը այս համատեքստում ընդգծել է ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև Ադրբեջանով Ռուսաստանից և Ղազախստանից ցորենի մատակարարումները։ Նա հույս է հայտնել, որ «TRIPP միջանցքը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային տրանսպորտային կապի առումով»։
Ադրբեջանի նախագահը նաև հույս է հայտնել, որ Կոնգրեսի անդամները կշարունակեն իրենց ջանքերը՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղումը լիովին չեղյալ համարելու համար: Ալիևի խոսքով՝ փոփոխությունը «չի համապատասխանում Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ներկայիս զարգացման էությանը»:
Հաղորդագրության համաձայն, ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության կազմում են ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեների հանրապետական անդամներ Մարկվեյն Մալլինը և Ռոնի Ջեքսոնը։
Բաքու կատարած այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև պաշտպանական կապերի զարգացումը։
Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր էր ստորագրել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղման կասեցման վերաբերյալ, որն արգելում էր Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը:
