![]()
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ առևանգման և գերեվարման ժամանակ ԱՄՆ զորքերը սպանել են նրանց անվտանգության թիմի զգալի մասին, հայտարարել է պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։
«Հանցագործությունը կատարվել է երեկ՝ շաբաթ օրը, հունվարի 3-ին, այն բանից հետո, երբ նրա անվտանգության թիմի զգալի մասը՝ զինվորականներ և անմեղ քաղաքացիներ, սպանվել են սառնասրտորեն», — ասել է նա VTV-ի կողմից հեռարձակված հայտարարության մեջ։
Լոպեսը շեշտել է, որ Հանրապետության զինված ուժերը վճռականորեն մերժում են Սահմանադրությամբ ընտրված նախագահի և առաջին տիկնոջ «վախկոտ առևանգումը»։
Հիշեցնենք՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին ԱՄՆ-ի զինվորականները Թրամփի հրամանով հունվարի 3-ին գերեվարել են, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ TruthSocial սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Iwo Jima նավի վրա գերի վերցված Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը։
Մինչ այդ էլ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից: Թրամփը նաև հայտարարել էր, որ ուղիղ եթերում հետևել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությանը։
Հիշեցնենք նաև՝ Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշել է, որ Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը, պետք է դառնա երկրի նախագահի պաշտոնակատար։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ