ԱՄՆ-ի ռազմական գործողության հետևանքով Վենեսուելայում զոհվել է առնվազն 40 մարդ․ The New York Times

Առնվազն 40 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ, զոհվել են ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայում իրականացված ռազմական գործողության հետևանքով՝ հունվարի 3-ի գիշերը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը։

Տեղեկատվության մեջ թերթը ներկայացրել է որոշ մանրամասներ ԱՄՆ-ի հարվածի մասին Կարակասին և Վենեսուելայի նախագահի՝ Նիկոլաս Մադուրոյի՝ ձերբակալման գործողության մասին։

Պենտագոնի ներկայացուցիչների պնդմամբ՝ առաքելությանը ներգրավվել է ավելի քան 150 ռազմական օդանավ՝ ներառյալ կործանիչներ և ռմբակոծիչներ։ Հարձակման համար դրանք թռչել են 20 տարբեր ռազմական բազաներից և ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերից։

Absolute Resolve կոդային անվանումը կրող գործողությունը սկսվել է կիբերհարձակմամբ, որի արդյունքում Կարակասի մեծ մասում անջատվել է էլեկտրականությունը։ Դա հնարավորություն է տվել ինքնաթիռներին աննկատ մոտենալ քաղաքին։

Ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել քաղաքին։ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ հիմնականում շարքից դուրս են բերվել ռադարային համակարգերն ու ռադիոհաղորդիչ աշտարակները։

Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, ձերբակալել են «Դելտա Ֆորս» հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանման զինվորականները։ Նրանց կատարած գործողությունը նախապես փորձարկվել է Մադուրոյի նստավայրի ճշգրիտ կրկնօրինակով, որը կառուցվել էր Կենտուկիում։ Նախագահի տեղաշարժերի մասին տվյալները մի քանի ամիս շարունակ հավաքել է ԿՀՎ գործակալների խումբ, որը ներթափանցել էր Կարակաս։

Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայում իրականացված գործողության ընթացքում ոչ մի ամերիկացի զինծառայող չի զոհվել։

Մինչ ռազմական գործողությունը Կարակասում, ԱՄՆ-ը մի քանի ամիս շարունակ Կարիբյան ծովում իրականացնում էր ծովային արշավ, որի ընթացքում հարվածել էր տասնյակ նավերի, որոնց վրա, Թրամփի վարչակազմի պնդմամբ, վենեսուելացիները թմրանյութ էին արտահանում։ Մեդիայի հաշվարկներով՝ այդ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 115 մարդ։

Leave a Comment