«Տիրոջից հետո ծնողներն են մեր աստվածները»,— ասում է ժողովուրդը, ինչը վերահաստատում է նաև Ավետարանը: Մարդու կյանքը կարգավորող հիմնարար տասը պատվիրաններում նախ երկնքին վերաբերող պատգամներն են, ապա հաջորդում է ծնողների հատվածը՝ «Պատվիր հորդ ու մորդ»:
«Աստված ստեղծել է բոլորիս, մեզ էլ ստեղծել են մեր ծնողները՝ մեր հայրերն ու մայրերը: Աստվածաշնչով արդեն ամրագրված է այս կարևոր մոտեցումը մեծերի, տարեցների նկատմամբ»,— արձանագրում է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանն ու հավելում՝ այդ մեծերը հոգով ու սրտով, էներգիայով ու ոգեշնչվածությամբ երբեմն շատ ավելի երիտասարդ են բոլորիցս:
Տեր Հայրը բացատրում է, որ հաջորդիվ Պողոս Առաքյալն է պատգամում հնազանդ լինել ծնողներին ու ավագներին, ինչը միակողմանի երևույթ չէ, քանի որ շարունակություն ունի՝ ծնողներն էլ թող չբարկացնեն զավակներին: «Հնազանդվելը ենթարկվելը չէ, այլ խոսքը սիրո վրա խարսխված հարաբերությունների մասին է: Ընդհանրապես, քրիստոնեությունը քարոզում է փոխադարձ ներդաշնակ, առողջ հարաբերություններ»,- բացատրում է հոգևորականը:
Հարյուրավոր տարեց մարդկանց հոգիներ դեպի հավերժություն ճանապարհած հոգևորականն արձանագրում է, որ կյանքի վերջին րոպեներին բոլորն աղոթք են խնդրում և աղոթում են: Եվ ուրեմն, կյանքի ընթացքում կանգ առնելը, սխալներն ընդունելն ու ապաշխարելն այլընտրանք չունեն:
Հարցին, թե մինչև երբ են հոգևոր ծառայություն մատուցում հոգևորականները, Տեր Փառենը բացատրում է, որ տարիքի բերումով իրենք սահմանափակված չեն. եթե հոգևորականն ի վիճակի է անցկացնել նույնիսկ ամենաերկար տևող Սուրբծննդյան պատարագը, ապա կարող է շարունակել իր առաքելությունը մինչև կյանքի ավարտը: Եվ սա կարող է օրինակ ու մոդել լինել նաև աշխարհիկ, քաղաքացիական կյանքի համար:
«Եկեղեցականի սրտի մեջ վախը, հուսահատությունը տեղ չունեն: Դժվարին այս օրերից մեր եկեղեցին դուրս է գալու ավելի ուժեղացած, որովհետև Հայ առաքելական եկեղեցին միայն սևազգեստ հոգևորականները չեն. Եկեղեցին ժողովուրդն է: Եկեղեցու կառույցի գլխին կանգնած է Վեհափառ Հայրապետն՝ իր ամենօրյա աղոթքներով և օրհնությամբ: Աստվածաշունչն ասում է, որ անօրինության շատանալուց սերը կցամաքի, և ուրեմն, ամեն մեկս մեր տեղում այդ անօրինությունը պակասեցնենք ու սեր տարածենք»,— պատգամում է քահանան՝ եզրափակելով, որ այսօր սխալներ գործողները կարող են կանգ առնել, ներում խնդրել ու ապաշխարել: