Լավ բան չի սպասվում 2026-ին ժողովրդի ու ՔՊ-ի համար

Ասում են՝ ինչպես դիմավորես Նոր Տարին, այնպես էլ այն կշարունակվի։ Այս առումով՝ ուշագրավ է դիտարկելը, թե ժողովուրդն ու իշխանությունն ինչպե՞ս դիմավորեցին Ամանորը։

Նոր տարին Հայաստանը դիմավորեց սառած ավտոճանապարհներով։ Առատ ձյունն անակնկալ մատուցեց իշխանություններին։ Հավանաբար՝ չէին սպասում, որ մի քանի օր շարունակ ձյուն կգա, ճանապարհներին մերկասառույց կլինի։ Ճանշինները մաքրում էին, բայց նրանց հետևից կրկին ձյուն էր գալիս։ Վարորդները հաճախ հիշում էին ճանշինականներին, ՔՊ-ական իշխանություններին, քաղաքապետներին, Նիկոլ Փաշինյանին։

Այս առումով՝ ենթադրելի է, որ 2026-ին ժողովուրդը բազմաթիվ առիթներով վատ խոսքեր է հասցեագրելու Փաշինյանին ու ՔՊ-ական իշխանություններին, քանի որ վերջիններս չեն կարողանալու պատշաճ կատարել իրենց պարտականությունները։ Իշխանությունը չի կարողանալու մաքրել հասարակական առաջընթացի խոչընդոտները, ապահովել պետության զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։

Հաջորդը ՀԷՑ-ում տեղի ունեցած վթարներն էին։ Ժողովրդի մի մասը հոսանքի մատակարարման խնդիրներ ունեցավ։ Սա, հավանաբար, խորհրդանշում է, որ 2026-ին ևս ՀԷՑ-ը տհաճ բաներ է պատճառելու մարդկանց, հոսանքազրկումները հաճախակի են լինելու։ Մեկ այլ տեսանկյունից կարելի է ասել, որ Խավարը շարունակելու է գրոհել Նոր Տարում, Լույսը պակասելու է երկրից։

Այս խնդիրը լավ հասկանում են ՔՊ-ական իշխանությունները։ Եվ դրանք լուծելու կամ լուծման ուղիներ փնտրելու, գտնելու փոխարեն՝ նրանք խորհրուրդներ են տալիս ժողովրդին, կոչեր անում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կոչ է անում խնայել էլեկտրաէներգիան։ «Երբ փոքր էի, հիշում եմ՝ տատս միշտ ասում էր՝ «ավելորդ լույսերն անջատեք», ինչը նշանակում էր, որ եթե կարիքը չկա, անջատեք սենյակների «լյուստռաները», հեռուստացույցը, էլեկտրական այլ սարքերը: Ինչու՞ սա հիշեցի: Երբ սաստիկ ցրտեր են հաստատվում, իսկ առաջիկա օրերին այդպես է լինելու, ավելանում է էլեկտրաէներգիայի սպառումը, հետևաբար՝ ճնշումը համակարգի վրա ավելանում է: Որպես պատասխանատու քաղաքացիներ, եկեք՝ օգնենք համակարգին, անջատենք ավելորդ «լույսերը»»,- գրել է նա:

Սա նշանակում է, որ գալիք տարում ևս ՔՊ-ն ժողովրդին է մեղադրելու ամեն վատ բաների մեջ, նրա վրա է գցելու պատասխանատվությունը։ Օրինակ՝ եթե գալիք տարում ևս ՀՀ-ն քայլեր չանի անկախության և ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ, ապա կրկին մեղադրելու են ժողովրդին, իբր՝ ժողովուրդը ռուսամետ է, չի ուզում, որ ՀՀ-ն անկախ ու ժողովրդավար պետություն լինի, ֆոպոստի վարչապետ է ուզում և այլն։

Ի վերջո՝ Ամանորը նշանավորվեց Ջերմուկում կազմակերպված ֆեստիվառով։ ՔՊ-ականներն ուրախանում էին, ձևացնելով, թե չեն տեսնում, որ մի քանի մետր այն կողմ Ադրբեջանը կանգնած է ՀՀ ինքնիշխան տարածքում, բարձունքների վրա, որոնք զավթել է ռուսների աջակցությամբ ու մտադիր էլ չէ ազատել դրանք։ Սա էլ հավանաբար, խորհրդանշում է, որ գալիք տարում ՔՊ-ն արհամարհելու է իրական խնդիրները, չի փորձելու վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան իրավունքները։ Ավելին՝ ուրախանալու է ու ժողովրդին ստիպելու է պարել այդ իրավիճակում, կարծես՝ ամեն ինչ նորմալ է։

Կարճ ասած՝ ինչքան էլ լավատեսորեն լցվենք վաղվա հանդեպ, բարի մաղթենք ամանորյա ճոխ սեղանի շուրջ, այնուամենայնիվ՝ գալիք տարում լավ բաներ չեն սպասվում պետության ու ժողովրդի համար՝ իշխանությունների ապաշնորհության, ազգային օրակարգի, իրական խնդիրների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով։ Եվ եթե ժողովուրդը համարժեք արձագանքի այդ ամենին, ապա ՔՊ-ն, հավանաբար, կպարտվի ԱԺ 2026-ի ընտրություններում։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Comment