Այսօր որոշ մասիվցիներ զարմանում են, որ երկրորդական փողոցները դեռևս մաքրված չեն ձյունից ու սառույցից: Եվ հույս ունեն, որ դրանք դեռ կմաքրվեն: Կարծում եմ, որ հասցեատիրոջ առումով նրանք մի փոքր սխսլվում են:
Փողոցներն, իհարկե, կմաքրվեն, բայց ոչ թե քաղաքային իշխանությունների կողմից, այլ արեգակի շնորհիվ: Ճիշտ այնպես, ինչպես եղել է նախկինների օրոք և մնացել է նույնը 2018-ից այս կողմ: Սակայն տվյալ դեպքում առկա է մի փոքրիկ խնդիր՝ Երևանում ամանորյա օրերին նման սառնամանիքներ վաղուց չեն եղել:
Ու եթե արևը մի փոքր հալեցնում է տանիքներից կախված սառույցի կտորները, բայց դրան ընկնելով գետնին՝ ոչ թե ջրի են վերածվում, այլ կրկին սառչում են: Դրան գումարվում է Պետրոսյան Ռոմանոսի ամանորյա նվերը Հայաստանի բնակիչներին՝ հոսանքի անջատումները:
Ինչի առումով շնորհավորում եմ այն հայստանցիներին, ովքեր 2021-ից այս կողմ ընտրել են ՔՊ-ականներին ու շարունակում են դա անելը:
Բայց շատ չկենտրոնանանք ժամանակավոր երևույթի վրա՝ ձմեռն ի վերջո այս անգամ էլ կանցնի: Ու ո՛չ ձյուն ու սառույց կլինի փողոցում և ո՛չ հոսանքի անջատումներ, քանի որ մի քանի անգամ կկրճատվի էներգետիկ համակարգի ծանրաբեռնվածությունը: Եկե՛ք նայենք առաջ: Իսկ առջևում մեզ սպասում են հերթական խորհրդարանական ընտրությունները:
Ինչին, ի դեպ, վաղուց պատրաստվում է գործող իշխանությունը: Պատրաստվում է թե՛ ներկուսակցական և թե՛ արտակուսակցական ժողովներով: Իսկ Ամանորից առաջ էլ «մեծարգո վարչապետը»՝ չգիտեմ Թիքթոքից, թե որտեղից նոր գործողություն է սովորել ու դա շարունակ ցուցադրում է հայերին: Ինչպես վստահաբար գլխի ընկաք, խոսքը մատներով սրտիկ նմանակելն է:
Մի մարդու, ով բան ու գործ թողած՝ ամեն առավոտ լռելյայն, մարդկանց ձեռակերտ սրտիկ է պարգևում, դժվար թե ավելի լուրջ բանի ընդունակ լինի: Թեկուզ ոչ թե վարչապետ, այլ նախագահ լիներ: Ու դրանով չբավարարվելով՝ ստիպում է, որ հրապարակում մարդիկ Ամանորը դիմավորեն օդային սրտիկի ներքո: Հետն էլ չքմեղանում է, թե տեղյակ չէր դրանից:
Չնայած այն հանգամանքին, որ վերջինիս սրտիկն արդեն տհաճություն է պատճառում, բայց ողջ զավեշտն այն է, որ ինձ դուր է գալիս տեսանյութերի լռելյայն մատուցումը: Որովհետև, պետք է խոստովանեմ, որ այնքան էլ հեշտ բան չէ նրա ձայնն անընդհատ լսելը: Այնպես որ դեմ չէի լինի նման տեսանյութերին, եթե դրանք միօրինակ չլինեին:
Այս առումով առկա է մասնագիտական խնդիր. դրանք կտրում են բազմաթիվ հրապարակախոսների հացը՝ զրկելով բարձրաձայնված անհեթեթություններին պատասխանելու հնարավորությունից: Դե արի ու սրտիկի անձայն ցուցադրությանը պատասխան գտիր: Հատկապես որ նույնը կրկնել չես կարող, քանի որ իր նման երկերեսանի չես:
Եթե դու նրան չես սիրում, ավելին, տանել չես կարողանում, ապա սրտիկ ցուցադրել չես կարող, քանի որ դա ուղղված կլինի բոլորին: Իսկ բոլորի միջից նրան որևէ ձևով առանձնացնել չես կարող՝ եթե քո սրտիկը ևս լինի լռելյայն:
