Հայ քաղաքական գործիչների արտահայտման էքստրավագանտ ոճը իդեալականորեն համընկնում է կարճ տեսանյութերի ներկայիս բումի հետ, և դրա արդյունքում քաղաքական ելույթները հաճախ դառնում են մեմերի ու ռիլերի հիմք։ Այսօր լսարանի զգալի մասը լուրերը չի սպառում երկար տեքստերի կամ հեռարձակման միջոցով, այլ՝ 15–30 վայրկյանանոց տեսանյութերի, որտեղ կարևոր են հույզը, ինտոնացիան, ժեստը կամ հաջող ձևակերպված մի արտահայտություն։
Ամենից հաճախ մեմերի են վերածվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները՝ իր կենցաղային համեմատություններով, թևավոր արտահայտություններով, սրտիկներով, թմբուկներով և ընդգծված հուզական ներկայացմամբ։ Սոցցանցերում «վիրուսային» դարձան նաև այլ քաղաքական գործիչների հայտարարությունների հատվածներ՝ նախկին ղեկավարներից մինչև ընդդիմության ներկայացուցիչներ։ Նրանց խոսքերն ու ժեստերը օգտատերերը վերաիմաստավորում են՝ վերածելով ռիլերի՝ բոլորին ծանոթ, տիպիկ կյանքի իրավիճակների մասին։
1. Հռոմ և Ֆրանկֆուրտ, թե՞ Հրազդան
Կառավարության նիստերից մեկի ընթացքում Փաշինյանը շեշտում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման դրական ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա և խոսում Հռոմ, Ֆրանկֆուրտ կամ Բրյուսել մեկնելու հնարավորությունների մասին։ Ավելի ուշ նա մեկ այլ հայտարարություն է անում այն մասին, թե «ինչու են մարդիկ այցելում Միլան, այլ ոչ թե հայկական Հրազդան քաղաքը»։
Սոցցանցերի օգտատերերը այս դրվագն անմիջապես վերաիմաստավորեցին որպես ամուսնությունից առաջ և հետո տրված խոստումների դասական համեմատություն, երբ սպասելիքներն ու իրականությունը կտրուկ տարբերվում են։
2. «Գետինը մտնելը մարդկային նորմալ բանա»
Խորհրդարանական ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ երբեմն «իրենք գետինն են մտնում», և դա, նրա խոսքով, լիովին բնական մարդկային երևույթ է։ Մեմերում այս արտահայտությունը վերածվեց աշխատանքի ուշանալու տեսարանի, որտեղ դժգոհ տնօրենը հարցնում է․ «Գետինը չե՞ք մտնում»։
3. Ռեստորան և ռաբիզ ժանրի երգեր
Տեսանյութերից մեկում Փաշինյանը նստած է ռեստորանում և լսում է «Դրախտի փերին» երգը։ Համացանցի օգտատերերը այստեղ տեսան ծանոթ իրավիճակ՝ երբ ղեկավարը պարգևավճար է տվել և հիմա ակնկալում է, որ ենթական բառացիորեն կսկսի նրան պաշտել։
4. «Աղբ, կոշիկ և հին կռավաթ»
Մեկ այլ հոլովակում Փաշինյանը դժգոհում է եկեղեցիներում տիրող վիճակից՝ թվարկելով աղբ, հին իրեր, կոշիկներ և նույնիսկ մահճակալ, որոնք երբեմն գտնվում են այնտեղ։ Սոցցանցերում այս հատվածը արագ ստացավ նոր մեկնաբանություն՝ որպես վաղ առավոտյան երեխայի սենյակի դասական նկարագրություն։
5. Մեմորանդումի ստորագրում
Դոնալդ Թրամփի հետ մեմորանդումի ստորագրման կադրերը օգտատերերը վերածեցին կենցաղային տեսարանի․ «Էկել եք տատիի անունով հեռախոս փորձեք ապառիկ»։ Լուրջ դիվանագիտական մթնոլորտը մեմում կրկնօրինակում է ամբողջովին առօրյա սյուժեին, և հենց դա էլ աշխատեց։
6. Կիրակի օրը աշխատանքի
Տեսանյութերից մեկում Փաշինյանը դժգոհ դեմքով նստած է համակարգչի առաջ և աշխատում է։ Մեմերում այս կադրը դարձավ այն իրավիճակի խորհրդանիշը, երբ քեզ հանգստյան օրով անսպասելի կանչում են աշխատանքի։
7. Անգլերենը՝ հայկական ակցենտով
Վաշինգտոնում պաշտոնական միջոցառումների ընթացքում Փաշինյանը խոսում է անգլերեն՝ ակցենտով և սխալներով՝ Թրամփի և Իլհամ Ալիևի ներկայությամբ։ Օգտատերերը սա համեմատեցին այն պահերի հետ, երբ ուսանողը փորձում է համոզել դասախոսին, որ դասը տանն է սովորել, կամ երբ մայրը հյուրերի ներկայությամբ ասում է․ «Տղես, մի բան ասա անգլերեն»։ Պահի անհարմարությունն էլ դարձավ վիրուսայնության բանալին։
8. Մատնահարդարումից առաջ և հետո
Մեկ տեսանյութում Փաշինյանը նստած է դժգոհ ու մռայլ, մյուսում՝ ժպտում է և ձեռքերով սրտիկներ ցույց տալիս։ Մեմերում այս երկու կերպարները միացվեցին հայտնի բանաձևի մեջ․ «Դու՝ մինչև մատնահարդարումը» և «Դու՝ մատնահարդարումից հետո»։
9. Սերժ Սարգսյանի դիսերտացիան
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հայերենի իմացության մասին հարցին, սկսում է պատմել իր դիսերտացիայի թեմայի մասին։ Սոցցանցերի օգտատերերը սա տեսան որպես դասական իրավիճակ, երբ մարդուն մի բան են հարցնում, իսկ նա գնում է լրիվ այլ կողմ՝ օրինակ, երբ ճշտում են, թե ինչ թեմայով ես գրում թեզը։
10. Շփոթված հայացք
Դրվագներից մեկում Փաշինյանը ակնհայտ զարմանքով նայում է իրեն հարց տված լրագրողին։ Այս հայացքը ակնթարթորեն դարձավ մեմ այն իրավիճակի մասին, երբ մայրդ հյուրերի ներկայությամբ քեզ նկատողություն է անում։ Առանց խոսքերի, բայց շատ հասկանալի հույզով։
11. Աշխատանքային օրվա սկիզբը
Մեկ օրվա ընթացքում Փաշինյանը հրապարակում է մի քանի տեսանյութ․ սկզբում՝ ինչպես է կոստյումը կոճկում, հետո՝ ինչպես արդեն նստած է աշխատասենյակում՝ հոգնած ու տխուր դեմքով։ Օգտատերերը սա վերաձևակերպեցին որպես համընդհանուր գիծ․ աշխատանքը սկսվում է 08:00-ին, 08:30-ին դու դեռ հավաքվում ես, իսկ 09:00-ին արդեն ամբողջովին հոգնած ես։
12. Զեմֆիրայի երգի ներքո
Տեսանյութերից մեկում Փաշինյանը լուրջ դեմքով նստած է Զեմֆիրայի երգի ներքո, իսկ ֆոնին՝ Պուտինի և Ալիևի լուսանկարներն են։ Մեմային տարբերակում սա վերածվեց տեսարանի, երբ դու նայում ես մտերիմ ընկերուհուդ սթորիները, որը գնացել է զբոսնելու ինչ-որ մեկի հետ։
13. «Ես չեմ նեղացել»
Փաշինյանի աշխատասենյակից հերթական տեսանյութը՝ դեմքի դժգոհ արտահայտությամբ. օգտատերերն այն վերաձևավորեցին երկխոսության տեսքով․
— Չես նեղացե՞լ հաստատ:
— Չէ՛:
— Քո դեմքն ամբողջ օրը:
Մինիմալ սյուժեն և ճանաչելի կենցաղային տրամաբանությունը այս ռիլը դարձրին ամենաշատ մեջբերվողներից մեկը։
