Քննարկումներից մինչև ծեծկռտուք. ամենաանկանխատեսելի և աղմկահարույց քննարկումները ԱԺ-ում

Հայաստանի խորհրդարանը վերջին տարիներին ավելի հաճախ է դառնում սուր լեզվակռիվների և ֆիզիկական բախումների թատերաբեմ։ Քաղաքական բևեռացման, արտաքին քաղաքականության վերաբերյալ վեճերի, պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ գործերի քննարկման և զգայուն նախաձեռնություններ առաջ մղելու իշխանությունների փորձերի ֆոնին, նիստերը հաճախ վերածվում են կոնֆլիկտների:

Armenia Today-ի խմբագրությունը հավաքել է ամենաաղմկահարույց միջադեպերի ցանկը՝ Ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագծի շուրջ ծեծկռտուքից մինչև «այլ պետության շահերի սպասարկման» մեղադրանքների ֆոնին նիստերի խափանումներ և »ահաբեկչության նախապատրաստման» գործի շուրջ լարված բանավեճեր:

Ծեծկռտուք ցեղասպանության ուրացման համար պատասխանատվության մասին օրինագծի շուրջ

Հայաստանի խորհրդարանում ապրիլի 22-ին ծեծկռտուք է սկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների միջև՝ Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագծի քննարկումից հետո: Ընդդիմությունը ներկայացրել է նախաձեռնությունը և կոչ արել իշխանություններին աջակցել դրան որպես «ազգային արժանապատվության» հարց: Ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները ՀՅԴ-ին մեղադրել են պատմական անհետևողականության մեջ՝ հիշեցնելով 1920 թվականին Թուրքիայի հետ խաղաղության և բարեկամության պայմանագրի ստորագրման մասին: Այդ ֆոնին լեզվակռիվը վերածվել է ֆիզիկական ծեծի։

Սուր լեզվակռիվ Լևոն Քոչարյանի ելույթից հետո

Խորհրդարանում մայիսի 14-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի ելույթից հետո իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև մեկնաբանությունների կտրուկ փոխանակում է տեղի ունեցել: Նա քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հայտարարելով, որ վերջինիս դուրս կշպրտի աթոռից, եթե վերջինս կրկին սպառնա ընդդիմությանը: ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը Քոչարյանին դիմել է հետևյալ խոսքերով. «Այ տղան էլ ես դու, չափերդ էլ ճանաչի, այ տղա»: Այս իրավիճակը գրեթե ծեծկռտուքի է վերածվել: Պատգամավորները սկսել են վիրավորել միմյանց, բայց ֆիզիկական բախման գործը չի հասել:

Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա կուրսի շուրջ բանավեճը տապալել է Ազգային ժողովի նիստը 

Հուլիսի 3-ին խորհրդարանում վիճաբանություն է սկսվել անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությունից հետո, թե Հայաստանի իշխանությունները «վատթարացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ և Թուրքիայի միջոցով շարժվում են դեպի Եվրոպա»: Նրա ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արման Եղոյանը ամոթանք է տվել, իսկ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը Աղազարյանին մեղադրել է «օտար պետության շահերը սպասարկելու» մեջ և պահանջել լքել դահլիճը:

Վիճաբանություն Ռուբեն Ռուբինյանի և Արթուր Սարգսյանի միջև՝ գլխավոր դատախազի միջնորդության ներկայացման քննարկմանը 

Խորհրդարանում հուլիսի 7-ին փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միջադեպը տեղի է ունեցել «ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման» գործով մեղադրվող Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդության ներկայացման քննարկման ժամանակ: Վիճաբանությունը սկսվել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթից հետո, երբ Սարգսյանը փորձել է տեղից հարց ուղղել: Ռուբինյանը պահանջել է, որ լռի ու «տեղը նստի»:

Միջադեպ խորհրդարանում Արթուր Սարգսյանին անձեռնխմելիությունից զրկելու հարցի ֆոնին 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո հուլիսի 8-ին իրարանցում է սկսվել: Միջադեպն առաջացել է այն ժամանակ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահե Ղալումյանը փորձել է մոտենալ Սարգսյանին, երբ վերջինս լքում էր նիստերի դահլիճը: Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, որ իշխող կուսակցության պատգամավորների օգնականները ներխուժել են դահլիճ և հարձակվել ընդդիմադիր խորհրդարանականների վրա: Միջադեպը տեղի է ունեցել Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ֆոնին։ Նրան մեղադրում են «ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման» գործով, որով անցնում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և ևս 15 մարդ:

Լեզվակռիվ Թագուհի Թովմասյանի և Արթուր Հովհաննիսյանի միջև՝ ճեպազրույցների ընթացքում 

Սեպտեմբերի 4-ին խորհրդարանում լեզվակռիվ է բռնկվել պատգամավորներ Թագուհի Թովմասյանի և Արթուր Հովհաննիսյանի միջև։ Թովմասյանի ճեպազրույցի ժամանակ Հովհաննիսյանը միջամտել էր՝ նկատողություն անելով, ինչին նա կտրուկ հակադարձել էր. «Ձե՛նդ կտրի»: Երկու պատգամավորներն էլ Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ են։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թովմասյանը պատասխանել է Բաքվի բանտերում հայ գերիների ճակատագրի մասին հարցին։ Անցնելով նրա կողքով՝ Հովհաննիսյանը մեկնաբանություն է արել նիստերի հաճախելիության մասին, ինչն էլ էմոցիոնալ արձագանք է առաջացրել։ Լրագրողները նրան խնդրել են չխանգարել ճեպազրույցի աշխատանքը։

Leave a Comment