
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն հայտարարել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանությունն ստանձնել Վենեսուելայում, որտեղ ԱՄՆ-ն զավթեց նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը։
«Վենեսուելացիներ, ազատության ժամանակը եկել է։ Նիկոլաս Մադուրոն միջազգային արդարադատության առջև է կանգնել վենեսուելացիների և շատ այլ երկրների քաղաքացիների դեմ կատարված նողկալի հանցագործությունների համար։ Հաշվի առնելով բանակցային լուծումը չընդունելը՝ Միացյալ Նահանգների կառավարությունը կատարել է օրենքը պահպանելու իր խոստումը»,- ասել է Մաչադոն սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։
Վենեսուելայի հեղափոխության առաջնորդի խոսքով՝ ժամանակը եկել է, որ երկիրը «հաստատի ժողովրդական և ազգային ինքնիշխանություն»։ «Մենք կվերականգնենք կարգուկանոնը, կազատենք քաղբանտարկյալներին, կկառուցենք բացառիկ ազգ և մեր երեխաներին տուն կբերենք»,- հայտարարել է նա։
«Այսօր մենք պատրաստ ենք իրագործել մեր մանդատը և ստանձնել իշխանությունը։ Եկեք մնանք զգոն, ակտիվ և կազմակերպված մինչև ժողովրդավարական անցման իրականացումը։ Անցում, որը պահանջում է մեզանից բոլորի մասնակցությունը։
Մեր երկրի ներսում գտնվող վենեսուելացիներ, պատրաստ եղեք իրականացնել այն, ինչ մենք շուտով կհաղորդենք ձեզ պաշտոնական ուղիներով։
Արտերկրում գտնվող վենեսուելացիներ, մեզ անհրաժեշտ է ձեր մոբիլիզացիան, աշխարհի կառավարությունների և քաղաքացիների ակտիվացումը և նրանց ներգրավվածությունը նոր Վենեսուելայի կառուցման մեծ գործում։
Այս կարևոր ժամերին ստացեք իմ ողջ ուժը, վստահությունը և սերը։ Մենք շարունակում ենք զգոն և կապված լինել», – ասել է Մաչադոն հայտարարության մեջ։
Նրա կարծիքով, նախկին նախագահի թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուրրուտիան պետք է ղեկավարի Վենեսուելան։
BBC-ի տվյալներով՝ 76-ամյա դիվանագետը և քաղաքագետը նախկինում եղել է Վենեսուելայի դեսպանն Արգենտինայում և Ալժիրում։ 2020-ականներին Էդմունդո Գոնսալեսը դարձել է Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական դաշինքի՝ «Միասնական հարթակ»-ի նախագահ։
Երբ Մարիա Մաչադոյին զրկել են ընտրվելու իրավունքից, նա 2024 թվականի մարտին մտել է նախագահական մրցավազքի մեջ՝ որպես ընդդիմության թեկնածու։ Շատ վենեսուելացիներ, ինչպես նաև ԱՄՆ-ն, ԵՄ-ն և լատինաամերիկյան երկրների մեծ մասը կարծում են, որ Գոնսալեսը հաղթել է 2024 թվականի հուլիսի 28-ի ընտրություններում։