ՌԴ ԱԳՆ-ն՝ Վենեսուելայի շուրջ իրավիճակի մասին

Քաղաքականություն

03.01.2026 | 17:00

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Վենեսուելայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ խոր մտահոգություն հայտնելով Միացյալ Նահանգների գործողությունների վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Մոսկվան չափազանց անհանգստացած է տեղեկություններով, ըստ որոնց՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը բռնի կերպով դուրս են բերվել երկրից ԱՄՆ-ի կողմից իրականացված այսօրվա ագրեսիվ գործողությունների ընթացքում։

ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է անհապաղ պարզաբանում այդ տեղեկությունների վերաբերյալ։

Հայտարարությունում մասնավորապես ասվում է․
«Խիստ անհանգստացած ենք այն հաղորդագրություններից, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և իր կինը ԱՄՆ-ի այսօրվա ագրեսիվ գործողությունների ընթացքում բռնի կերպով դուրս են բերվել երկրից:

Կոչ ենք անում անհապաղ հստակություն մտցնել այս իրավիճակում։ Նման գործողությունները, եթե իրապես տեղի են ունեցել, անընդունելի ոտնձգություն են անկախ պետության ինքնիշխանության նկատմամբ, որի հարգանքը միջազգային իրավունքի առանցքային սկզբունք է»։

Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին դատելու են ԱՄՆ-ում: Current Time-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Յուտա նահանգի սենատոր Մայք Լին պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցից հետո:

Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը «գերեվարվել ու արտաքսվել են երկրից»՝ հաստատելով, որ ԱՄՆ ուժերը «լայնածավալ հարված» են հասցրել Կարակասին։

Leave a Comment