ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի զինված ագրեսիան Վենեսուելայի դեմ, ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
«Այսօր առավոտյան Միացյալ Նահանգներն իրականացրել է զինված ագրեսիայի ակտ Վենեսուելայի դեմ։ Սա առաջացնում է խոր մտահոգություն և դատապարտում։ Այդ գործողությունները հիմնավորելու համար բերվող պատրվակներն անհիմն են։ Ստեղծված իրավիճակում առավել կարևոր է, առաջին հերթին, թույլ չտալ հետագա էսկալացիա և կողմնորոշվել վիճակից դուրս գալու ուղիներ գտնելուն՝ երկխոսության միջոցով։ Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ բոլոր գործընկերները, որոնց միջև կարող են լինել փոխադարձ պահանջներ, պետք է խնդիրների լուծման ուղիներ որոնեն երկխոսային ձևաչափերով»,- ասվում է հաղորդագրությունում։
ՌԴ-ն պատրաստ է կողմերին աջակցել այդ հարցում։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Լատինական Ամերիկան պետք է շարունակի մնալ խաղաղության գոտի, ինչպես ինքն իրեն հռչակել է 2014 թվականին, իսկ Վենեսուելային պետք է երաշխավորվի իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը՝ առանց որևէ ապակայունացնող, առավել ևս՝ ռազմական արտաքին միջամտության։
«Մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունը Վելեսուելայի ժողովրդին, աջակցությանը նրա ղեկավարության վարած քաղաքականությանը, որն ուղղված է երկրի ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանությանը։ Աջակցում ենք վենեսուելական իշխանությունների և Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարների հայտարարությանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անհապաղ հրավիրելու անհրաժեշտության վերաբերյալ»,- նշում է գերատեսչությունը։
Ասվում է, որ Կարակասում Ռուսաստանի դեսպանատունը գործում է սովորական ռեժիմով՝ հաշվի առնելով իրավիճակը, պահպանում է մշտական կապը Վենեսուելայի իշխանությունների և Վենեսուելայի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ներկայումս ՌԴ քաղաքացիների շրջանում տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան, ասված է հայտարարությունում։
Վենեսուելան հայտնել էր, որ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Կարակասին։ Վենեսուելայի իշխանությունները հայտարարել էին Միացյալ Նահանգների կողմից ռազմական ագրեսիայի մասին և հայտարարել արտակարգ դրություն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր հարվածները և հայտարարել, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինն արտաքսվել են։
