ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News

ԱՄՆ-ի հարվածների հետևանքով պայթյուններ են որոտացել Կարակասի գլխավոր օդանավակայաններում, հայտնում է The Wall Street Journal-ը։
Տեսագրությունները հզոր պայթյուններ են արձանագրել Սիմոն Բոլիվարի անվան միջազգային օդանավակայանում, որը գտնվում է Կարակասի կենտրոնից 24 կմ հեռավորության վրա: Ականատեսների տվյալներով՝ հարվածները հասցվել են նաև Լա Կառլոտայի օդանավակայանին՝ մայրաքաղաքի արևելքում գտնվող ոչ մեծ օբյեկտին, որն օգտագործվում է ռազմական և մասնավոր թռիչքների համար: Դեպքի վայրից արված կադրերում երևում է Լա Կառլոտայի վրայով բարձրացող ծուխը։
Հարձակումը ուղեկցվել է ցածր թռչող ավիացիայի թռիչքների ձայներով: Ավելի վաղ CBS News հեռուստաալիքի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է տվել հարվածներ հասցնել Վենեսուելայի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին, սակայն նոր գործողության մանրամասների վերաբերյալ Սպիտակ տնից կամ Պենտագոնից պաշտոնական մեկնաբանություններ չկան։
Ավելի վաղ հայտնել ենք՝ ԱՄՆ իշխանություններն արգելել են ամերիկյան ինքնաթիռների թռիչքները Վենեսուելայի օդային տարածքով: Ըստ ԶԼՄ-ների` Կարակասում հնչել է առնվազն 7 պայթյուն:
Թիրախներից են Ֆորտ Տիունա բազան և Գեներալիսիմո Ֆրանցիսկո դե Միրանդայի ավիաբազան։
Վերջին ամիսներին ԱՄՆ-ն ուժեղացրել է ռազմական ուժերը Կարիբյան ծովում։ Ամերիկյան զորքերը հարվածներ են հասցրել նավերին, որոնք ենթադրաբար թմրանյութեր էին տեղափոխում: Նոյեմբերին Նահանգները Վենեսուելայի իշխանություններին հայտարարել էր ահաբեկչական կազմակերպություն և շրջափակել երկիր գնացող նավթային լցանավերը: