Lexus-ում հայտնաբերվել են ատրճանակներ, թմրանյութեր և դանակներ. shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 29-ին, զենքի, ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողների, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի 1-ին գնդի ծառայողների կողմից համատեղ միջոցառումների շնորհիվ Բաղրամյան պողոտա 45 հասցեի մոտից զենք, զինամթերք, սառը զենք պահելու և կրելու, ինչպես նաև ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և «Lexus» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն տեղափոխված, Երևանի բնակիչ 42-ամյա Հակոբ Ա․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ պահեստատուփով՝ լիցքավորված 8 փամփուշտով, դանակ, որի ընդհանուր երկարությունը կազմել է 22սմ, իսկ շեղբի երկարությունը՝ 13 սմ։ Բաճկոնի գրպանից հայտնաբերվել է գլանակ, որի մեջ առկա է եղել 5․27գ. բուսական զանգված, մոխրացված հետքերով 2 գլանակ, փաթեթ՝ 13 սերմերով։ Նույն տաբատի գրպանից հայտնաբերվել են փաթեթ՝ ընդհանուր 0․63 գ բուսական զանգվածով, դանակ, որի ընդհանուր երկարությունը կազմել է 12 սմ, իսկ շեղբի երկարությունը 9 սմ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Հակոբ Ա․-ն ոստիկանության Արաբկիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «Lexus» մակնիշի ավտոմեքենայից ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» գրառմամբ օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորված 16 գնդիկներով և գազային բալոն, պատյանով դանակ, որի ընդհանուր երկարությունը կազմել է 40 սմ, իսկ շեղբի երկարությունը՝ 29 սմ, դանակ, որի ընդհանուր երկարությունը կազմել է 31 սմ, իսկ շեղբի երկարությունը՝ 18 սմ և ինքնաշեն թուր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա ոստիկաններին հայտնել է, որ նշված ատրճանակը պատկանում է իրեն, որը հանդիսանում է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ, իսկ բուսական զանգվածները՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ են, որոնք իր անձնական օգտագործման համար են։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Հակոբ Ա․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Leave a Comment