Iravaban.net-ը փոխանցմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված են հանցանքի հասկացությունը և տեսակները։
ՀՀ ՔՕ հանցանք է համարվում պատժի սպառնալիքով արգելված, հանցագործության սուբյեկտի կողմից մեղավորությամբ կատարված արարքը:
Հանցանք չի համարվում այն արարքը․
Որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված հատկանիշներ, սակայն իր նվազ վտանգավորության պատճառով ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանն էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:
Ըստ ՔՕ 17-րդ հոդվածով սահմանված են հանցանքի տեսակները․
1. Հանցանքները դասակարգվում են չորս խմբի` ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր:
2. Ոչ մեծ ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ չկապված պատիժ:
3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:
5. Առանձնապես ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում:
Ըստ ՔՕ-ի 18-րդ հոդվածի՝ սահմանվում է արարքը․
1. Արարք է համարվում պատժի սպառնալիքով արգելված գործողությունը կամ անգործությունը։
2. Անգործությամբ կատարված արարքը քրեական պատասխանատվություն է առաջացնում, եթե անձի վրա իրավական ակտով դրված է եղել գործողություն կատարելու պարտականություն, կամ այդ պարտականությունը բխել է նրա ստանձնած պարտավորությունից կամ բխել է օրենքով պաշտպանվող շահերը վտանգի ենթարկած կամ դրանց վնաս պատճառած իր նախորդ վարքագծից:
3. Անգործությամբ կատարված արարքը քրեական պատասխանատվություն է առաջացնում, եթե անձը տվյալ իրադրությունում կարող էր կատարել իր պարտականությունը: