Մեզ ևս մեկ խաղացող է պետք. Ֆլիկը՝ Բարսելոնայի տրանսֆերային ծրագրերի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ կայանալիք հանդիպմանն ընդառաջ խոսել է կատալոնական ակումբի հնարավոր տրանսֆերների մասին։ Գերմանացի մասնագետն ընդգծել է հատկապես պաշտպանական գիծն ուժեղացնելու անհրաժեշտությունը։

​«Երբ նայում եմ պաշտպանական գծին, կարծում եմ՝ մեզ ևս մեկ խաղացող է պետք։ Սակայն պետք է սպասել և տեսնել։ Դա պետք է խելամիտ որոշում լինի, իսկ հունվարին դա անելը հեշտ չէ», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Հիշեցնենք, որ «բլաուգրանայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը դեկտեմբերի 21-ին մարզման ժամանակ անհաջող շարժման հետևանքով ստացել էր ձախ ծնկի առաջային խաչաձև կապանի մասնակի պատռվածք։ Դրանից առաջ թիմի ավագ Ռոնալդ Արաուխոն հոգեբանական խնդիրների պատճառով ստիպված էր եղել արձակուրդ գնալ, սակայն այժմ ուրուգվայցին արդեն մարզվում է թիմի հետ։

Leave a Comment