«Զվարթնոցը» որպես տարանցիկ հանգույց. ինչո՞ւ է նվազել ռուսաստանցիների կազմակերպված հոսքը դեպի Հայաստան

Հայաստանը շարունակում է մնալ ռուսաստանցիների ուղևորությունների համար հանրահայտ ուղղություն թե՛ զբոսաշրջության նպատակով, թե՛ որպես տարանցիկ կետ դեպի այլ երկրներ թռչելու համար: Սակայն այս տարի, տուրօպերատորների գնահատմամբ, կազմակերպված զբոսաշրջային հոսքը նվազել է ավիատոմսերի գների աճի, դեպի Վրաստան ուղիղ չվերթների բացման և անվտանգության հետ կապված զբոսաշրջիկների որոշակի մտահոգությունների պատճառով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի զբոսաշրջության ոլորտի միությունը:

Հայաստանի հանրահայտությանը նպաստում է ավիափոխադրումների մեծ ծավալը: Երևանից 12 կմ հեռավորության վրա գտնվող «Զվարթնոց» միջազգային օդանավակայան չվերթներ են իրականացնում ռուսաստանյան 8 և հայկական 4 ավիաընկերություններ՝ ՌԴ 17 քաղաքներից: Բացի այդ, «Պոբեդան» թռչում է Երևանից 100 կմ հեռավորության վրա գտնվող Գյումրիի միջազգային օդանավակայան:

Երևանից ուղիղ չվերթներ են իրականացվում դեպի 22 երկիր, դրանք կատարում են 33 փոխադրողներ, այդ թվում՝ Lufthansa, Wizz, Air France, Qatar Airways, Aegean, flydubai:

«Ռուսաստանցի զբոսաշրջիկներն ակտիվորեն օգտագործում են «Զվարթնոցը» որպես տարանցիկ հանգույց, ինչը հանգեցրել է դեպի Հայաստան ավիատոմսերի թանկացմանը: Մենք ոչ մի խնդիր չունենք ո՛չ Հայաստանի հյուրանոցների, ո՛չ զբոսավարների, ո՛չ էլ երկրի ներսում տրանսպորտի հետ: Ամեն ինչ հիանալի կազմակերպված է: Իմ կարծիքով, հենց դեպի Հայաստան կազմակերպված հոսքը զսպում է նախևառաջ ավիատոմսերի թանկացումը: Ընդ որում, սա ազդում է նույնիսկ համակցված տուրերի վաճառքի վրա: Օրինակ՝ Վրաստան-Հայաստան էքսկուրսիոն տուրերը՝ Վլադիկավկազով թռիչքով, ավելի էժան են և շատ ավելի լավ են վաճառվում, քան Երևանով ավելի թանկ թռիչքով տուրերը»,- պարզաբանել է Туртрансвояж ընկերության ուղղության մենեջեր Ելենա Կիսելևան:

Ըստ նրա՝ Հայաստանը որպես ինքնուրույն ուղղություն լավ էր վաճառվում մի քանի տարի առաջ, երբ Վրաստանը փակ էր:

«Այժմ այն ավելի պահանջված է համակցված տուրերի կազմում: Դա բացատրվում է նաև նրանով, որ մեր զբոսաշրջիկները նախընտրում են մեկ ուղևորության ընթացքում հնարավորինս շատ վայրեր այցելել, ցանկալի է՝ երկու երկիր: Նման բարդ ծրագրերը համապատասխանում են հենց տուրօպերատորների ուժերին, իսկ հանգստյան օրերին պարզապես Հայաստան կամ Վրաստան նրանք կարող են մեկնել նաև ինքնուրույն»,- պարզաբանել է նա:

Միևնույն ժամանակ, Русский Экспресс հոլդինգի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Աննա Ֆիլատովսկայան նշել է, որ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ չի նվազում:

«Սա տարվա բոլոր եղանակներին հասանելի և միևնույն ժամանակ բյուջետային սակավաթիվ ուղղություններից է: Այնտեղ հանգստի տարբերակներ կան յուրաքանչյուր սեզոնի համար: Գարնանը և ամռանը մեզ մոտ առավել հանրահայտ են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համակցված էքսկուրսիոն տուրերը: Բայց կան նաև տուրեր միայն Հայաստանով, իսկ ինքնուրույն զբոսաշրջիկներին մենք առաջարկում ենք հյուրանոցներ բավական լավ գներով, քանի որ պայմանագրեր ունենք Երևանի հյուրանոցների մեծ մասի հետ»,- ասել է նա:

Հայաստանում կա տարբեր մակարդակի 915 հյուրանոց, որոնցից 522-ը՝ Երևանում: Ներկայացված են միջազգային հայտնի շատ ցանցեր՝ Ramada, Radisson, Marriott, Ibis, Holiday Inn:

Leave a Comment