Իրանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև – Armenia Today

Իրանում բախումներ են գրանցվել ցուցարարների և իրավապահների միջև. իրանական պետական ԶԼՄ-նեչը հայտնում են, որ ակցիաների մասնակիցները հարձակումներ են իրականացրել երկրի իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։ 

«ՌԻԱ Նովոստին», հղում անելով Fars գործակալությունը, նշում է, որ Իրանի արևմուտքում ոստիկանների վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 17-ը՝ վիրավորվել։ Միևնույն ժամանակ երկրի հարավ-արևմուտքում զոհվել է առնվազն երկու մարդ, մի քանի ոստիկան ստացել է վնասվածքներ։

2025 թվականի դեկտեմբերի վերջին Իրանում սկսվել են բողոքի ցույցեր՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման ֆոնին։ Բողոքի ակցիաների հիմնական պատճառը փոխարժեքի կտրուկ տատանումներն էին և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա։ Սոցիալական ցանցերում տարածվել էին տեսանյութեր Թեհրանում և այլ քաղաքներում անցկացվող ցույցերից։ Այս ֆոնին Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Նրա փոխարեն նախագահական հրամանագրով դեկտեմբերի 31-ին նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։

Իրանը ներկայումս ապրում է բարձր գնաճի փուլ․ Կենտրոնական բանկի տվյալներով՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 38,9%-ի։ Ռիալը արագ արժեզրկվում է: Ներկայումս ազատ շուկայում մեկ դոլարի արժեքը հասնում է 1,4 միլիոն ռիալի։

Leave a Comment