Էրդողանը հաստատել է, որ երկուշաբթի Թրամփի հետ հեռախոսազրույց է ունենալու

Քաղաքականություն

02.01.2026 | 20:27

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ երկուշաբթի կեսօրին ևս մեկ հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը կնշանավորի երկու առաջնորդների միջև բարձր մակարդակի դիվանագիտական ​​​​գործակցությունը, գրում է Turkiye today-ը։

Ուրբաթօրյա աղոթքից հետո Ստամբուլում լրագրողների հետ զրույցում Էրդողանը հաստատել է նախատեսված զանգը, բայց չի մանրամասնել քննարկվելիք թեմաների մասին։

Իր ելույթի ընթացքում Էրդողանը նաև անդրադարձել է Նոր տարվա օրը Ստամբուլի Գալաթա կամրջի վրա տեղի ունեցած պաղեստինամետ մեծ ցույցին։ Նա հավաքը բնութագրել է որպես «պատմական պահ» և ասել, որ այն ցույց է տալիս, որ «Պաղեստինը միայնակ չէ»։

Թուրքիայի նախագահը շարունակել է քննադատել Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում՝ Թուրքիան ներկայացնելով որպես պաղեստինյան շահերի ականավոր կողմնակից միջազգային հանրության շրջանում։

Էրդողանը կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրան անվանելով «այս փարավոնը» և զգուշացնելով, որ նրա գործողությունները «անպատիժ չեն մնա»։

Թուրքիայի առաջնորդն ասել է, որ Նեթանյահուն «արժանացել է անթիվ ճնշված մարդկանց անեծքներին՝ երիտասարդներից մինչև տարեցներ»։

«Գազայում քամու և անձրևի տակ ժամանակավոր վրաններում ապրող երեխաների տառապանքը անպատասխան չի մնա, և Նեթանյահուն չի խուսափի պատասխանատվությունից», – ասել է նա։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment