Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ու ոստիկանությունը շարունակում են ուժեղացված ծառայությունը հանրապետության ավտոճանապարհներին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հիշեցնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հայտարարությունն այն մասին, որ առաջիկա օրերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
«Ինչպես հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները:
Ճանապարհների վիճակի մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է ՆԳՆ Փրկարար ծառայության և ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի պաշտոնական էջերում:
ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունը շարունակում են ուժեղացված հսկողությունը հանրապետության ճանապարհներին: Անհրաժեշտության դեպքում զանգահարեք ՆԳՆ Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,- գրել է Նարեկ Սարգսյանը: