Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են Six Flags Qiddiya City թեմատիկ այգու շինարարության ավարտի մասին. այն այցելուների համար կբացվի դեկտեմբերի 31-ին և կդառնա Քիդիա (Qiddiya) լայնամասշտաբ ժամանցային նախագծի շահագործման հանձնված առաջին օբյեկտը:
Շինարարական հիմնական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, իսկ հարևանությամբ գտնվող Aquaarabia ակվապարկը պատրաստ է ավելի քան 95%-ով, հայտնում է Arabian Business-ը: Six Flags Qiddiya City-ն ներառում է ռեկորդային չափերի ատրակցիոններ, այդ թվում՝ Ֆալկոն (Falcon) ամերիկյան ռելսային ատրակցիոնը։ Ըստ կազմակերպիչների, այն երեք համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ որպես ամենաերկարը, ամենաարագը և ամենաբարձրն աշխարհում:
Այգում նախատեսված է միջազգային այցելուների համար նախատեսված հինգ հիմնական ատրակցիոն, հայտնում է Russian Emirates-ը: Six Flags-ի բացումը կլինի Քիդիա նախագծի շրջանակում նախատեսված մոտ 70 օբյեկտների փուլային շահագործման առաջին քայլը:
Ներկայումս շարունակվում է թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի անվան մարզադաշտի, կատարողական արվեստի կենտրոնի, արագընթաց մրցուղու, Mercedes-Benz Performance World համալիրի, գոլֆի դաշտերի, ինչպես նաև կիբերսպորտի և տեսախաղերի գոտու շինարարությունը:
Քիդիա նախագիծը Vision 2030 ռազմավարության առանցքային նախաձեռնություններից է, որն ուղղված է տնտեսության դիվերսիֆիկացմանը, զբոսաշրջության զարգացմանը և համաշխարհային մակարդակի ժամանցի ոլորտի ձևավորմանը:
Սպասվում է, որ Six Flags Qiddiya City-ի գործարկումը կմեծացնի զբոսաշրջային հոսքը դեպի տարածաշրջան և կամրապնդի Սաուդյան Արաբիայի դիրքերը՝ որպես Մերձավոր Արևելքի ժամանցի ոլորտի կենտրոններից մեկի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
117 դիտում