Կիևը հերքում է, որ ուկրաինական զորքերը հարձակվել են Խերսոնի մարզում հյուրանոցի վրա. ՌԴ տվյալներով՝ զոհվել է 27 մարդ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Ռուսաստանի մեղադրանքները Խերսոնի մարզի օկուպացված հատվածի Խորլի գյուղում հյուրանոցի և սրճարանի վրա հարձակման վերաբերյալ, գրում է Meduza-ն։

Ուկրաինայի գլխավոր շտաբի խոսնակ Դմիտրի Լիխովին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հարվածներ են հասցնում «բացառապես հակառակորդի ռազմական թիրախներին և ագրեսոր երկրի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին»՝ համաձայն միջազգային իրավունքի։

Լիխովին նաև նշել է, որ Ռուսաստանը նախկինում բազմիցս դիմել է ապատեղեկատվության՝ միջազգային հանրության և խաղաղության բանակցությունների ընթացքի վրա ազդելու համար։

Հունվարի 1-ի առավոտյան, բռնակցված Խերսոնի մարզի այսպես կոչված «նահանգապետ» Վլադիմիր Սալդոն հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Խորլի գյուղի հյուրանոցի և սրճարանի վրա:

Սալդոյի խոսքով՝ հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի միջոցով: Սալդոն սկզբում հայտարարել էր, որ զոհվել է 24 մարդ։ Ռուսաստանի քննչական կոմիտեն ավելի ուշ պարզաբանել է, որ զոհերի թիվը 27 է։

Նշվում է, որ ևս 31 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, հոսպիտալացվել է։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment