Իրանի հետախուզական գերատեսչության տեղեկացված աղբյուրը չորեքշաբթի օրը հայտնել են արևմտյան երկրներում գործող թշնամական կազմակերպությունների հետ կապված յոթ անձանց հայտնաբերման և ձերբակալման մասին։ Այդ մասին հայտնում է իրանական «Մեհեր» գործակալությունը։
Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածներից հինգը կապեր են պահպանել Միացյալ Նահանգներում պետական կառույցների հետ, մյուս երկուսը կապված են եղել Եվրոպայում գործող թշնամական կառույցների հետ։
Ավելին, հայտնաբերվել է 100 մաքսանենգ ատրճանակ, որոնք երկիր էին մտել լիազորված սահմանային սուրհանդակների կողմից տեղափոխվող ապրանքների քողարկմամբ։ Այդ զենքի ներմուծմամբ զբաղվող անձինք ձերբակալվել են։
Նախնական հետաքննության համաձայն՝ այդ անձինք նախատեսում էին բռնություն հրահրել երկրում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ։
Երկուշաբթի օրը իրանցի առևտրականներն ու խանութպանները երկրորդ օրն անընդմեջ բողոքի ցույցեր են անցկացրել այն բանից հետո, երբ երկրի ազգային արժույթը արժեզրկվել է օտարերկրյա արժույթների նկատմամբ։
Նախագահ Մասուդ Փեզեշքիանի աշխատակզմը հանդիպում է անցկացրել առևտրականների և խանութպանների ներկայացուցիչների հետ, լսել նրանց բողոքները և նրանց պահանջներին համապատասխան մի շարք տնտեսական միջոցառումներ է ընդունել։