Ռուսաստանը կպատասխանի Պուտինի դեմ մահափորձին. CIA-ի վերլուծաբանը նշել է հնարավոր թիրախները

Մար-ա-Լագոյում տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի հանդիպման ժամերին իրականացված ուկրաինական հարձակումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ազդակ է Կիևի կողմից, որ ուկրաինացիները հետաքրքրված չեն Պուտինի հետ խաղաղ բանակցություններով: Այս մասին Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Գլեն Դիզենի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (CIA) հետախուզության նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը՝ խոսելով Ռուսաստանի նախագահի դեմ մահափորձի մասին:

Վերլուծաբանը հնարավոր է համարում մի քանի վարկած ուկրաինական դիվերսիայի առնչությամբ: Առաջինը՝ Զելենսկին իմացել է Ֆլորիդայում իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ սպասվող սադրանքի մասին և թույլատրել է այն՝ ցույց տալու համար, որ Ուկրաինան չի պատրաստվում գնալ զիջումների, և երկրորդը՝ դա արվել է Զելենսկու քաղաքական հակառակորդների կողմից:

«Ես չեմ տեսել որևէ հավաստի ապացույց, որ Պուտինն իսկապես գտնվել է Նովգորոդի նստավայրում: Այն փաստը, որ Պուտինը վերջին չորս տարվա մեծ մասն անցկացրել է Կրեմլի բնակարանում, արվել է նրա վրա հարձակման վտանգից խուսափելու նպատակով, ուստի, ինձ թվում է՝ սա ոչ այնքան Պուտինին սպանելու փորձ էր, թեև ռուսները կատարվածը հենց այդպես են ներկայացնում ամբողջ աշխարհին, որքան ազդակ Ուկրաինայի կողմից, որ իրենք հետաքրքրված չեն Պուտինի հետ խաղաղ բանակցություններով», – կարծում է Լարի Ջոնսոնը:

Վերլուծաբանի կարծիքով՝ պարադոքսալ է այն փաստը, որ ուկրաինացիները ցանկանում են սպանել Պուտինին՝ մի մարդու, որը բավական զուսպ է Ուկրաինայի հանդեպ և աչքի չի ընկնում հուզականությամբ ու ագրեսիվությամբ:

Գլեն Դիզենն էլ իր հերթին նկատել է, որ ինչպես Զելենսկու նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն է իր հետ հարցազրույցում փաստել՝ Պուտինի Վալդայի նստավայրը ոչ թե պարզապես բնակելի տուն է, այլ այնտեղ է գտնվում միջուկային հրամանատարական կետը և այն ևս կարող էր լինել թիրախ, և ըստ Ռուսաստանի միջուկային դոկտրինի՝ դա իրավունք կտա Ռուսաստանին պատասխանելու միջուկային հարվածով: Գլեն Դիզենը չի կարծում, որ Ռուսաստանը կգնա այդ ճանապարհով, բայց դա էլ վերջին ատյանի ճշմարտություն չէ:

«Ամեն դեպքում, սա նման է մասշտաբային սադրանքի», – նշել է Դիզենը:

Լարի Ջոնսոնի խոսքով՝ իրավիճակը շատ վտանգավոր ուղղությամբ է զարգանում՝ նկատի ունենալով, որ Պետդումայում օրերս առաջարկել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը վերափոխել պատերազմի՝ Ուկրաինային պատերազմ հայտարարելով: Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին վերլուծաբանը նաև չի բացառել ոչ միայն բրիտանական հետախուզության, այլև ամերիկյան հետախուզական ծառայության մասնակցությունը Պուտինի դեմ մահափորձին՝ ընդգծելով, որ հետախուզական գործակալությունում դեռևս կան տարրեր, որոնք Թրամփի դեմ են աշխատում և ավելի շատ են շահագրգռված Ուկրաինայում պատերազմը շարունակելով:

Խոսելով Ռուսաստանի հնարավոր պատասխանի մասին՝ Լարի Ջոնսոնը նշել է Ռուսաստանի հնարավոր թիրախները, առաջին հերթին՝ հետախուզության շտաբը, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայի կամ ՆԱՏՕ-ի զինծառայողների բազաները: Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստանը հակահարված է տալու Պուտինի նստավայրի վրա հարձակմանը:

«Դա պարզապես նոր հրթիռների ու անօդաչուների արձակում չի լինելու, քանի որ նրանք դա անում են ամեն օր: Կարծում եմ՝ նրանք այնպիսի թիրախներ են հետապնդելու, որը կլինի ազդանշան, և այն կարող է իր մեջ ներառել մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորական հրամանատարների սպանություններ: Մինչ այժմ Ռուսաստանը դա չի արել, Ուկրաինան դա արել է բազմաթիվ անգամներ, և հնարավոր է՝ այս դեպքից հետո Ռուսաստանը կասի՝ այժմ բոլոր սահմանափակումները հանված են, բոլոր այդ մարդիկ թիրախներ են, և ռուսները կսկսեն սպանել նրանց: Չեմ կարծում, թե ռուսները պարզապես սպառնալիքներ են հնչեցրել: Երբ նրանք հայտարարում են այդ մասին, դա նշանակում է, որ նրանք արդեն ընտրել են ժամանակը, վայրը և պատասխան գործողությունների մեթոդները», – նշել է Ջոնսոնը:

Հիշեցնենք, որ ինչպես հայտարարել էր ռուսական կողմը՝ դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Ուկրաինան 91 անօդաչուներով հարձակում է իրականացրել Ռուսաստանի նախագահի՝ Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի վրա: Բոլոր անօդաչուները ոչնչացվել են: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի բանակցային դիրքորոշումը կվերանայվի՝ հաշվի առնելով Կիևի ռեժիմի վերջնական անցումը պետական ահաբեկչության քաղաքականությանը։

Leave a Comment