Երաժշտական նոր տանդեմ՝ ռոքից մինչև ակադեմիական խորքեր․ «Երաժշտական եռանկյունի»

Ստեղծագործական նոր տանդեմը ձևավորվել է երկու տարբեր, բայց խորքային էությամբ միմյանց լրացնող երաժշտական աշխարհների միաձուլմամբ։ Անդրե Սիմոնյանը վաղուց հայտնի է որպես հայկական ռոք երաժշտության վառ ներկայացուցիչ, հեղինակ և կատարող։ Նա հանրաճանաչ The Beautified Project խմբի հիմնադիրն է, որի միջոցով տարիներ շարունակ ձևավորել է ինքնատիպ հնչողություն ու գեղարվեստական մտածողություն՝ համադրելով ռոքը, ալտերնատիվ երաժշտությունն ու ժամանակակից արտահայտչամիջոցները։

Անդրեն աչքի է ընկնում ազատ մտածողությամբ, էներգետիկ բեմական ներկայությամբ և մշտական որոնումներով։ Բացի բեմական գործունեությունից, նա հանդես է գալիս նաև որպես բազմաթիվ երաժշտական նախագծերի պրոդյուսեր՝ աջակցելով նոր գաղափարների իրականացմանն ու տարբեր ժանրերի միջև համագործակցությանը։ Նրա համար երաժշտությունը կենդանի գործընթաց է, որտեղ առաջնային են անկեղծությունը, գաղափարական ամբողջականությունը և լսարանի հետ անմիջական կապը։

Անդրե Սիմոնյանի կյանքն ու ստեղծագործական ուղին այժմ կապվել են կոնտրաբասահարուհի, ջութակահարուհի և երգչուհի Եվա Գևորգյանի հետ, ում ճանապարհը սկիզբ է առել ակադեմիական երաժշտության ոլորտում։ Եվան վերադարձել է Ռուսաստանից՝ երաժշտական կրթություն ստանալու նպատակով և ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում։ Սակայն ուսման ընթացքում նրան գրավել է կոնտրաբասի տեմբրային խորությունն ու հնչյունային հմայքը, ինչի արդյունքում նա ընտրել է այդ գործիքը որպես իր հիմնական մասնագիտական ուղղություն։

Ներկայումս Եվան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտ է։ Զուգահեռաբար նա աշխատում է նաև հնագույն երաժշտության «Տաղարան» համույթում, որտեղ գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյանի առաջարկով իրեն փորձել է նաև որպես երգչուհի։ Այդ փորձառությունը բացահայտել է նրա ստեղծագործական նոր կողմը՝ համադրելով գործիքային մտածողությունն ու վոկալ արտահայտչականությունը։ Բացի այդ, նա նվագում է հանրաճանաչ KV ART ENSEMBLE-ում՝ մասնակցելով բազմաժանր նախագծերի։

Այս ամենի ֆոնին Անդրե Սիմոնյանի և Եվա Գևորգյանի միավորումն ունի ոչ միայն ընտանեկան, այլև խոր ստեղծագործական նշանակություն։ Ռոք երաժշտության ազատ ու փորձարարական ոգին և ակադեմիական դպրոցի կարգապահությունն ու խորությունն այստեղ հանդիպում են բնական ու ներդաշնակ ձևով։ Հիանալի է, որ այս նոր ձևավորված ընտանիքը միավորել է երկու վառ անհատականությունների՝ ստեղծելով հետաքրքիր, բազմաշերտ և խոստումնալից ստեղծագործական տանդեմ։

Leave a Comment