Հասկացե՛ք պատմությունը և դադարե՛ք զարկել պատերազմի թմբուկները. ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք «կազուս բելլի» էր Ուկրաինայի պատերազմի համար. Ջեֆրի Սաքսը՝ Գերմանիայի կանցլերին ուղղված նամակի մասին

Գերմանիան պատասխանատվություն է կրում եվրոպական անվտանգության և Ուկրաինայում շարունակվող պատերազմի համար և պետք է մտածի այդ մասին, քանի դեռ աղետը տեղի չի ունեցել:

Այս մասին Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Գլեն Դիզենի հետ հարցազրույցում ասել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության պրոֆեսոր, միջազգային քաղաքականության վերլուծաբան Ջեֆրի Սաքսը՝ խոսելով Գերմանիայի կանցլերին հասցեագրված իր բաց նամակի բովանդակության մասին:

«Կանցլեր Մերցին ուղղված իմ նամակում ես նշել եմ՝ պատասխանատվություն ստանձնեք, կանցլեր: Սա Ձեր երկիրն է և Ձեր երկիրն այս ճգնաժամի կենտրոնում է: Հասկացե՛ք այս պատմությունը, ասե՛ք ճշմարտությունը և դադարե՛ք զարկել պատերազմի թմբուկները», – պատմել է պրոֆեսորը:

Ջեֆրի Սաքսը պարզաբանել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին հասցեագրված իր բաց նամակի անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ կանցլերը պատերազմի թմբուկներն է զարկում գրեթե ամեն օր:

«Նա ասում է, որ Ռուսաստանը թշնամի է, և որ պետք է պատրաստվենք պատերազմի: Նա նույնիսկ չի փորձում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ներգրավվել որևէ տեսակի դիվանագիտության մեջ: Նա Գերմանիայի կանցլերն է, նա պատասխանատվություն ունի, և ես բավական անհանգստացած եմ եվրոպական քաղաքականության ներկա վիճակով, քանի որ Եվրոպան սխալ ուղու վրա է, այն շատ վտանգավոր ուղու վրա է, և Գերմանիայի կանցլերն իսկապես պիտի հասկանա այս իրավիճակը», – նշել է Սաքսը:

Սաքսի խոսքով՝ կանցլերը պետք է հասկանա, որ Գերմանիան որոշակի դերակատարում է ունեցել իրավիճակը Ուկրաինայում դեպի պատերազմ տանելու և պատերազմ շարունակելու գործում և իրեն անպատասխանատու է դրսևորել, և իր նամակի հիմնական ասելիքը դա է եղել:

«Գերմանիան իրեն պատասխանատու չի դրսևորել, Գերմանիան շատ դեպքերում բացարձակ սխալ ուղի է ընտրել՝ հակասելով Գերմանիայի առաջնորդների ասածներին, և ես ուզում եմ, որ կանցլեր Մերցը մտածի այս մասին, քանի դեռ աղետը տեղի չի ունեցել: Ես ցանկանում եմ, որ Գերմանիայում անկեղծորեն խորհեն այս մասին», – ասել է Ջեֆրի Սաքսը:

Պրոֆեսորն ընդգծել է, որ Գերմանիան հատուկ պատասխանատվություն ունի Եվրոպայի անվտանգության համար, քանի որ 1990 թվականին Գերմանիայի կառավարությունն աներկբայորեն խոստացել է խորհրդային և ռուսական ղեկավարությանը, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու դեպի արևելք Գերմանիայի վերամիավորման համատեքստում:

«Այսպիսով, Գերմանիան բացարձակ կենտրոնական դեր և պատասխանատվություն ունի տեղի ունեցած աղետի մեջ, քանի որ, անշուշտ, թե՛ Գերմանիան է խաբել, թե՛ Միացյալ Նահանգները: Գերմանիան և Միացյալ Նահանգները 1990թ. փետրվարին Գերմանիայի վերամիավորման շուրջ բանակցությունների համատեքստում աներկբայորեն հավաստիացրել են ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին՝ ոչ մի սանտիմետր դեպի Արևելք: Դա շատ միանշանակ էր ասված և դրա իմաստը շատ հստակ էր՝ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի նույնիսկ դեպի վերամիավորված Գերմանիայի արևելյան մաս, առավել ևս՝ դեպի Արևելյան Եվրոպա, Բալթյան երկրներ, Ուկրաինա և Վրաստան, և դա պատահական հանձնառություն չէր:

1990-ի Գերմանիայի վերամիավորումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտն էր, և որպեսզի Գերմանիան կարողանա վերամիավորվել, Գերմանիան հանձնառություն ստանձնեց ԽՍՀՄ և ՌԴ ղեկավարության առջև, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դարձած Գերմանիայի վերամիավորումը չի օգտագործվի Խորհրդային Միության դեմ, և մասնավորապես՝ ՆԱՏՕ-ն չի շարժվի դեպի Արևելք: Իհարկե, արևմտյան քարոզչության աշխարհում սա հերքվում է, որ դա էական չէ, դա երկար տարիներ առաջ է եղել: Դա շատ էական է, դա «կազուս բելլի» այս պատերազմի համար», – մեկնաբանել է Ջեֆրի Սաքսը:

Հրապարակման պատրաստեց Արամ Սարգսյանը

 

Leave a Comment