Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ ու Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ամանորյա ուղերձում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիներին։
«Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ չմտածելով հարևան երկրի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցների մասին։ Թող գալիք տարին դառնա նոր հույսերի ու անվտանգ վերադարձի տարի, և թող աշխարհն ի վերջո առաջնորդվի արդարությամբ ու արդարամտությամբ։
Մխիթարյան իր ուղերձում շնորհավորել է բոլորի Ամանորը՝ փոխանցելով իր բարեմաղթանքները:
«Թող խաղաղությունը, սերը և բարեկեցությունը մշտապես ուղեկցեն ձեզ։ Մաղթում եմ հաջողություն ու քաջառողջություն՝ թե՛ այս, թե՛ գալիք տարիներին»,- հավելել է ֆուտբոլիստը։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։
Գերեվարվածների թվում են նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։
