Վերհիշելով 90-ականները․ ՀՀ մի շարք համայնքներում Ամանորը դիմավորել են ցուրտ ու մութ պայմաններում

Ամանորյա մոմեր, որոնք բնավ դեկորատիվ բնույթ չէին կրում. Արմավիրի, Արարատի, Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում և Երևանի Էրեբունի վարչական շրջանի հասցեներում քաղաքացիներն Ամանորը դիմավորել են ցուրտ ու մութ պայմաններում. չկար հոսանք, հետևաբար չկար ջեռուցում, ջուր՝ բարձրահարկերում։

Չկային նաև «ազգայնացվող» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պատասխանատուները. ոչ մի զանգի, ձայնային հաղորդագրության չէին արձագանքում։ Օրինակ՝ Վաղարշապատի Էջմիածին քաղաքում «թեժ գծի» ավտոմատ պատասխանատուն հայտնում էր, որ պլանային և վթարային անջատումներ գրանցված չեն։ Մինչդեռ քաղաքացիները մթության մեջ էին։ Հետո փոխվեց ավտոմատ հաղորդագրության բովանդակությունը. տեղեկատուն նշում էր՝ էլեկտրաէներգիան կվերականգնվի ժամը 02:00-ին։ Սակայն Էջմիածնում Ամանորի գիշերը հոսանքը վերականգնվել է միայն 03:30-ին․․․

Այս Ամանորին համացանցում հայ օգտատերերի գրառումները տարբեր էին. երջանիկ ընտանեկան լուսանկարների ֆոնին՝ մութ սենյակներ, մոմեր ու ՀԷՑ-ի և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործունեությանն ուղղված մեծ դժգոհություն պարունակող գրառումներ։

 

Leave a Comment