Ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողություններն արդարացում չունեն և չեն ունենա շահեկան արդյունք․ Գարեգին Բ

Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություններն արդարացում չունեն և ոչ մի օգուտ չեն բերի, իր Ամանորյա ուղերձում նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Նա շեշտել է, որ անցած տարին հայ ժողովրդի համար լի էր տագնապալի իրադարձություններով՝ հասարակության մեջ տեղ գտած պառակտումներով, ատելության ու անհանդուրժողության դրսևորումներով։ Նա նշել է, որ Հայ եկեղեցին և նրա հոգևորականությունը անարդարացիորեն հալածվում են, և որ «շարունակում են բանտերում ապօրինաբար արգելափակված մնալ եկեղեցականները, ազգային բարերարը և նվիրյալ հայորդիներ»։

Կաթողիկոսը հայտարարել է, որ «տարեմուտը հրավեր է նորոգվելու, վանելու մեր կյանքից մերժելի իրողությունները, սրբագրելու մեղսալի ու կործանարար ընթացքները, դադարեցնելու եղբայրադավության քայլերը, իսպառ բացառելու ատելությունն ու թշնամանքը, անհանդուրժողության և անօրինականության հանցավոր երևույթները»։

Գարեգին Բ-ի խոսքով՝ ազգը զորեղ է, և պետությունը՝ անսասան, երբ անխաթար են նվիրական արժեքները, ավանդույթներն ու նախնյաց ժառանգությունը, երբ որևէ պատրվակով չի ձևախեղվում պատմական հիշողությունը, կասկածի տակ դրվում մեր Սուրբ Եկեղեցու բազմադարյա առաքելությունը։

«Այսօր ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները, որ արդարորեն առաջ են բերում մեր հավատավոր զավակների ընդվզումը հայրենիքում և սփյուռքում, չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք», – ընդգծել է նա։ Կաթողիկոսը նաև կոչ է արել ամուր և աներեր պահել հավատը, դժվարություններին արիաբար դիմակայելու կամքն ու վճռականությունը։

«Աննվազ նախանձախնդրությամբ գործենք՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության և Բաքվում անմարդկային նվաստացումների ենթարկվող մեր հայրենակիցների ազատ արձակման»,-հայտարարել է Գարեգին Բ-ն։ Նա նաև կոչ է արել աղոթել Հայոց բանակի սպաների և զինվորների, նեղությունների ու կարիքի մեջ գտնվողների, գերեվարված ու անհայտ կորած և բանտերում արգելափակված զավակների ու նրանց ընտանիքների համար։

Leave a Comment