Հայերիս շրջանում անցած ամառվա տուրիստական հայտնությունը Կիպրոսն էր։ Միջերկրական ծովի արևելյան հատվածում գտնվող այդ կղզին ունի հարուստ պատմություն և զբոսաշրջիկներին դուր գալու մեծ ներուժ։
Կիպրոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանի հետ խոսել ենք Կիպրոսում դեսպանություն բացելու դժվարությունների, ժամանակակից դիվանագիտության չկարգավորված խնդիրների և փոքր կղզու՝ դեռևս չբացահայտված վայրերի մասին։
***
-Պատանեկան տարիքում ուզում էի դառնալ դիվանագետ։ Միշտ պատմություն շատ եմ սիրել, երբ տեսնում էի, որ միայն պատերազմներով չէ, որ որոշվել է պատմության ընթացքը՝ նույն Թալեյրանի, Բիսմարկի դեպքում, երբ որ դիվանագետները կարողացել են լուծել իրենց առջև դրված խնդիրները՝ ոչ պատերազմի ճանապարհով և խաղաղություն են հաստատել կամ պետության շահը կարողացել են առաջ տանել։ Սա ինձ համար շատ կարևոր էր։
Այդ հետաքրքասիրությունը Իննա Թորգոմյանին սկզբից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ տարավ, այնուհետև ՀՀ ԱԳՆ, որտեղ նա հնարավորություն ստացավ տեսնելու, թե դիվանագիտությունը ինչպես է շփվում մամուլի հետ։
— Բավական երկար տարիներ Արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունում՝ գրեթե 8 տարի, առնչվել եմ հանրային դիվանագիտության ոլորտի հետ։ Ինձ համար բոլորովին նոր էր, և ես շատ բան եմ սովորել։ Այսինքն, եթե որևէ այլ վարչությունում դու գործ ունես 1 կամ 2 երկրների կամ միջազգային կազմակերպությունների հետ, ապա այստեղ պետք է տեղեկացված լինես ամեն ինչից, անընդհատ՝ 24/7։ Եվ ոչ մի շաբաթ կամ կիրակի գոյություն չունի։ Ոլորոտում գոյություն ունի նաև ժամանակի ճնշումը․ գիտե՞ք ինչ կայծակնային արագությամբ է ամեն ինչ տեղի ունենում տեղեկատվական դաշտում։ Սա շատ մեծ ու հարուստ փորձ էր։
Բոլորը խոսում են այն մասին, թե ինչպես է արագացել ժամանակակից կյանքը, իսկ մամուլի ու լրատվության հետ աշխատող մարդիկ ապրում են այդ արագության սահմանած ռեժիմով։ Օրվա տեղեկատվությունը լույսից էլ արագ է տարածվում, բայց նրան հակազդելու մեխանիզմները շարունակում են նախորդ դարի իրականության մեջ ապրել։
— Այս ոլորտին պակասում է իրավական կարգավորումը։ Դիվանագիտության մեջ մենք սովոր ենք, որ գրեթե ամեն ինչ կարգավորվում է այս կամ այն կոնվենցիաներով, այս կամ այն օրենքներով։ Մինչդեռ հենց այս ոլորտում կարգավորում գրեթե չկա, իսկ արագությունը ստիպում է նոր իրավիճակների առերեսվել։
Դիվանագիտությամբ զբաղվող կանանց հաղթահարած կարծրատիպերն արդեն իմ սիրելի թեման է դարձել։ Հաճույքով լսում եմ ոլորտում հաջողած կանանց պատմություններն այն մասին, թե ինչպես էին միջավայրի մարդիկ պնդում, որ դիվանագիտությունը կնոջ գործ չէ։

-Կարծրատիպերից մեկը նաև այն է, որ կանայք այդ ոլորտում զբաղեցնում են հիմնականում ցածր կամ միջին օղակի պաշտոնները։ Սրանց մասին ես լսել եմ դեռևս համալսարանական տարիներից։ Բայց, անկեղծ ասած, ես անձամբ իմ մաշկի վրա դա շատ չեմ զգացել, համենայնդեպս, դրանից երբևէ չեմ նեղվել։ Իրականում ինձ համար դիվանագետը սեռի հետ կապ չունի։ Սակայն կարող եմ ասել, որ կանանց մոտ կան շատ հատկանիշներ, որոնք իսկապես օգտակար են հենց դիվանագիտության մեջ։ Կանայք իրենց էությամբ արդեն իսկ դիվանագետ են։
Եվ եթե Իննա Թորգոմյանը ինչ-որ մի հրաշքով ինքն իր հետ հանդիպեր ավելի երիտասարդ տարիքում, ապա խորհուրդ կտար ավելի համարձակ սխալվել։
-Խորհուրդ կտայի սկզբնական շրջանում ավելի պինդ լինել, ավելի քիչ ուշադրություն դարձնել տարբեր՝ չէի ասի անհաջողությունների, բայց փոքր խնդիրների վրա։ Տարիքի հետ, իհարկե, սովորում ես դա, բայց շատ կուզեի ինձ համոզել դա անել այն ժամանակ՝ ավելի քիչ ուշադրություն դարձնել մանրուքների վրա։
***
Թեպետ Կիպրոսի հետ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել է դեռևս 1995-ին, սակայն նստավայրը եղել է Հունաստանի մայրաքաղաքում՝ Աթենքում։ 20 տարի անց սակայն ամեն ինչ փոխվեց, և Իննա Թորգոմյանի առջև խնդիր դրվեց նստավայրը Աթենքից տեղափոխել Նիկոսիա։

— Շատ հետաքրքիր, բայց նաև շատ դժվար օրեր էին։ Ասեմ, որ մենք այստեղ շատ լավ հայ համայնք ունենք, հայեր ունենք նաև Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում, այսինքն՝ խորհրդարանում, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչն է պարոն Վարդգես Մահտեսյանը, պատվո հյուպատոս պարոն Մարտիրոս Մինասյանը։ Նրանք ինձ դիմավորել և շատ լավ ընդունել են, և մենք սկսել ենք անմիջապես զբաղվել շենքի ընտրությամբ։ Ընտրել ենք շենքը, այդ նույն ընթացքում հանդիպումներ, հավատարմագրերի հանձնում, գրագրություն և այլն։ Բնականաբար, տարիների փորձը օգնում է շատ, բայց քանի որ առաջին անգամ էի դեսպանություն հիմնում, իհարկե, մարտահրավերներ կային, բայց շատ հաճույքով ու շատ սիրով եմ արել։ Երբ որ զգում ես, որ դու ինքդ կարող ես ընտրել և ստեղծել, շատ ուրիշ զգացում է։
Կիպրոսը միջերկրածովյան փոքր կղզի է՝ ընդամենը 9,251 քառակուսի կիլոմետր տարածքով։ Նրա երկարությունը հյուսիսից հարավ մոտ 240 կմ է, լայնությունը՝ առավելագույնը 100 կմ։ Եվ չնայած կզզու այս փոքրությանն ու համեստ լայնությանը Իննա Թորգոմյանը դեռ չի հասցրել բոլոր վայրերով շրջել։
-Անկեղծ ասեմ, դեռ շատ առիթ չեմ ունեցել, հանգստանալու իմաստով այցելելու քաղաքները։ Իհարկե տեսել եմ, որ գեղեցիկ են, բայց մեկ անգամ է եղել, որ գնամ հանգստի, այն էլ՝ երկու օրով։ Կիպրոսը մի քանի մեծ քաղաքներ ունի, որոնցից Նիկոսյան, ցավոք սրտի, ծովեզերք չունի։ Կղզին փոքր է, մեքենայով մեկ, երկու ժամում կարող ես հասնել ցանկացած ծովափնյա քաղաք, այդ իմաստով, իսկապես, զբոսաշրջության համար շատ հաճելի երկիր է, և ենթադրում եմ, որ ուղիղ չվերթներ չլինելու պատճառով է, որ նախկինում այդքան էլ շատ չի եղել, բայց այս տարի ամռանը նկատել եմ շատ այցեր Հայաստանից։
***
Հայաստանը միջազգային հարթակներում, եռագույնի ուղեկցությամբ ներկայացնելու հնարավորությունը բացառիկ առավելություն է, որով ամեն մեկը չէ, որ օժտված է։ Սովորաբար այդպիսի օրերը կարևոր են պետության, մեծ իրադարձություն՝ անհատի կյանքում։ Եվ այն պետք է անցնի տեղը տեղին՝ առանց որևէ թերացման։

-Այդ հարցին ես շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում։ Եվ եթե այս կյանքում որևէ այլ հարցում կարող ես ինչ-որ կերպ թերանալ, այդ հարցում իրավունք չունես թերանալու ընդհանրապես։ Ինձ ճանաչող բոլոր մարդիկ գիտեն, որ սա այն ոլորտն է, որում ես թերացում չեմ ընդունում ընդհանրապես՝ առաջին հերթին հենց իմ թերացումը։ Շատ ուշադիր եմ արարողակարգայի հարցերում, պահանջկոտ, և այո՝ պատասխանատվության զգացումն այստեղ գերակշռում է։
Դիվանագետ դառնալու որոշումը նման է երդման, որը դու տալիս ես ժողովրդի, երկրի և պատմության առաջ։ Այն նաև պահվածք է, ապրելակերպ ու պատասխանատվություն։ Բայց կարծես էլի ինչ-որ կարևոր խորհուրդ, որ պետք է իմանան ապագա դիվանագետները, մոռացա նշել։
— Ով որ ցանկություն ունի այս ուղով գնալու, ես, իսկապես, խորհուրդ կտայի գնահատել իրենց նվիրվածության աստիճանը՝ ինչքանո՞վ են պատրաստ նվիրված լինել գործին, որովհետև ինքը հեշտ մասնագիտություն չէ, ինչպես կարող է թվալ սկզբից, և բացի պատասխանատվությունից, այն շատ մեծ նվիրվածություն է պահանջվում, ըստ իս, գործն իսկապես հաջող իրականացնելու համար, որովհետև շատ պահեր կան, որ կարող է քեզ թվալ, որ օրինակ՝ անարդար է, բայց նվիրվածության պարագայում քո գլխի մեջ միայն այն նպատակն է, որ դու ծառայում ես Հայաստանի Հանրապետությանը։
Այսօր դեկտեմբերի 31-ն է։ Դժվար է գուշակել, թե այս ռադոհաղորդումը լսելու պահին որտեղ եք գտնվում՝ խոհանոցում, խցանման մեջ, իսկ գուցե հաջողակ եք այնքան, որ արդեն տան ճանապարհին եք։ Կիպրոսում Հայաստանի դեսպանությունը ձեզ փոխանցելու մաղթանքներ ունի։
-Եվ օգտվելով առիթից, նաև ուզում եմ իմ լավագույն բարեմաղթանքներն ուղղել Հանրային ռադիոյի ունկնդիրներին, շնորհավորել գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ խաղաղություն ինչպես մեր երկրում, այնպես էլ մարդկանց հոգիներում, ինչը շատ կարևոր է։ Թող հաջողակ, լավ, խաղաղ տարի լինի, և ցնցումներից ու կորուստներից զերծ մնան բոլորը։ Կիպրոսի Հայաստանի դեսպանության կողմից լավագույն մաղթանքները Հանրային ռադիոյի ունկնդիրներին և հայ ժողովուրդին։