Կրակոցներ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է


Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտաս 44 շենքի բակում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչև ժամանել են ոստիկանները՝ նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Դեպքի վայրում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշով «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքին՝ դռան վրա, հայտնաբերվել են մոտ 9 կրակոցի հետք ու արնանման հետքեր, իսկ դեպքի վայրում էլ՝ 12 կրակված պարկուճներ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի հայրն է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

133 դիտում

Leave a Comment