
Խերսոնի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է 24 մարդ, իսկ ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն:
Երեք անօդաչու թռչող սարք հարվածել են Սև ծովի ափին գտնվող սրճարանին և հյուրանոցին, որտեղ մարդիկ նշում էին Նոր տարին։ Մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոյի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերից մեկը լցված է եղել հրկիզող խառնուրդով, ինչը դժվարացրել է հրդեհի մարումը և այն վերահսկողության տակ է վերցվել միայն վաղ առավոտյան։
Հարձակման հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վիրավորվել է ավելի քան 50 մարդ, և այս թիվը կարող է աճել։ Բժիշկները ներկայումս պայքարում են կյանքեր փրկելու համար։