«Ազատություն» . Ավելի քան կես տարվա բանտարկությունից հետո գործարար Սամվել Կարապետյանն այս գիշերն անցկացրեց տանը՝ ընտանիքի հետ: Նախկին ՔՊ-ական, դատավոր Սարգիս Պետրոսյանը երեկ երեկոյան տնային կալանքի հետ միասին 4 միլիարդ դրամ գրավ է սահմանել:
«2025 թվականի նոյեմբերի 18-ին հաջորդած ժամանակահատվածում մեր կողմից թե՛ Քննչականին, թե՛ Դատախազությանը, թե՛ իրավասու այլ մարմիններին ներկայացվել են 10-ից ավելի միջնորդություններ», – ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
Իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող գործարարին աջակիցները ծափերով դիմավորեցին: Նրան ոստիկանական ավտոմեքենայով «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ուղիղ տուն տեղափոխեցին: Կարապետյանին արգելված է բացի ընտանիքի անդամներից շփվել այլոց հետ:
«Տնային կալանքը նույնն է, ինչ կալանքը։ Իր ռեժիմի, իր սահմանափակման տեսանկյունից մենք խոսում ենք կրկին ինտենսիվ սահմանափակման մասին։ Հետևաբար այստեղ հատուկ շնորհավորանքներ ես չեմ ներկայացնում, քանի որ ունեմ նաև պաշտպանյալներ, որոնք գտնվում են տնային կալանքի ռեժիմում, և վստահ եղեք՝ տնային կալանքը ևս ծանր խափանման միջոց է, ազատությունը սահմանափակող», – նշեց Արամ Վարդևանյանը։
Նա նաև ահազանգում է՝ եթե պաշտպանյալը բանտից հայտարարություններ անելու իրավունք ուներ, ապա հիմա դատարանը նրան արգելել է առհասարակ կոչեր պարունակող հայտարարություններ անել: Փաստաբանի գնահատմամբ՝ սա հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում է:
Ամիսներ առաջ Կարապետյանը բանտից քաղաքական հայտ էր ներկայացրել և հայտարարել, որ պայքարելու է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Նա առաջնորդում է «Մեր ձևով» շարժումը, որը առաջիկայում կուսակցություն է դառնալու: Նա, սակայն, վարչապետի թեկնածու չի կարող լինել, քանի որ երկքաղաքացիություն ունի: Ավելին՝ սկզբնաղբյուրում: