Պատմական փոփոխություն. ՖԻՖԱ-ն հրաժարվում է The Best-ից — Armsport.am

ՖԻՖԱ-ն Դուբայի սպորտային խորհրդի (DSC) հետ համագործակցությամբ նոր մրցանակաբաշխություն կհիմնի, որը կփոխարինի The Best մրցանակին։ Կողմերի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Դուբայում կայացած Համաշխարհային սպորտային գագաթնաժողովի շրջանակում։

Համաձայնագրի համաձայն՝ ՖԻՖԱ-ն ամեն տարի Դուբայում կանցկացնի լավագույն ֆուտբոլիստների և ֆուտբոլային գործիչների պարգևատրման արարողություն։ Նոր մրցանակը կդառնա ՖԻՖԱ-ի միակ պաշտոնական պարգևը՝ փոխարինելով The Best-ին։ Գործընկերության շրջանակում առաջին մրցանակաբաշխությունը նախատեսված է 2026 թվականին։

«Մենք ուրախ ենք միավորել ուժերը Դուբայի հետ՝ քաղաքի, որն ապրում և շնչում է ֆուտբոլով, զարգացնելու այս համաշխարհային մակարդակի միջոցառումը։ Սա պարզապես մրցանակաբաշխություն չի լինի, այլ նորարարական միջոց՝ տոնելու ֆուտբոլը և մեծարելու տարվա լավագույններին ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Դուբայի սպորտային խորհրդի նախագահ շեյխ Մանսուր բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն իր հերթին նշել է, որ այս համաձայնագիրն ընդգծում է Դուբայի և ՖԻՖԱ-ի ամուր գործընկերությունը և արտացոլում Դուբայի կարևոր դիրքը համաշխարհային ֆուտբոլային քարտեզում։

Մրցանակների անվանակարգերի, քվեարկության համակարգի և միջոցառումների հստակ ժամկետների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։

Leave a Comment